Թեյը օգտակար է սրտի ու անոթների համար, վստահեցնում են ամերիկացի հետազոտողները՝ Բալթիմորի Ջոն Հոփկինսի հոսպիտալից:

Նրանք ավելի քան 6 հազար մարդու մասնակցությամբ հետազոտություն են արել ու պարզել, որ այն մարդկանց, որոնք օրական մեկ բաժակ թեյ են խմում, 35 տոկոսով քիչ է սպառնում սրտային նոպաների կամ սրտանոթային այլ պաթոլոգիաների ազդեցությունը՝ նրանց համեմատ ովքեր առհասարակ թեյ չեն խմում, գրում է Medical Xpress–ը:

Թեյի սիրահարների մոտ սրտի անոթներում ավելի քիչ են կալցիումային նստվածքները, որոնք էլ հենց սրտի խնդիրների զարգացման հիմնական պատճառն են:

Միեւնույն ժամանակ գիտնականները նշում են, որ իրենք առայժմ միայն դիտորդական հետազոտություն են արել ու բացահայտված կապի պատճառահետեւանքային բնույթը իրականում դեռ ապացուցված չէ: Հնարավոր է, թեյն իրոք դերակաատարում ունի, բայց նաեւ հնարավոր է, որ նրանք ովքեր սիրում են թեյ խմել, պարզապես ավելի առողջ կենսակերպ են վարում:

Հետազոտողները չեն կարողացել ճշգրիտ ասել, թե ինչով է պայմանավորված թեյի պաշտպանիչ հատկությունը: Սակայն նրանց կարծիքով արված եզրակացությունները համապատասխանում են այլ գիտական աշխատությունների արդյունքներին, որոնք վկայում էին այն մասին, որ թեյի դրական ներգործությունը կարող է բացատրվել դրանում պարունակվող ֆլավոնոիդների ( հակաօքսիդանտների տարատեսակ) ազդեցությամբ:

Կամավորները որոնք մասնակցել են հետազոտությանը, խմել են կամ կանաչ, կամ սեւ թեյ: Բայց գիտնականները թեյի տեսակը հաշվի չեն առել հետազոտության արդյունքներն ամփոփելիս: