Նոր թրենդը՝ «սելֆին» կամ բջջային հեռախոսով նկարված լուսանկարը, նպաստում է ոջիլների տարածմանը: Նոր նախասիրությունը դարձել է  երիտասարդների շրջանում պեդիկուլյոզի դեպքերի՝ ժամանակակից Ամերիկայի համար աննախադեպ աճի պատճառ, հայտարարել է պեդիկուլյոզի դեմ պայքարի Nitless Noggins Քալիֆորնիայի կլինիկայի ղեկավար Մարսի ՄաքՔուիլլանը:

«Ես այս տարի դեռահասների շրջանում ոջլոտելու դեպքերի թվի հսկայական աճ եմ նկատում: Որպես կանոն, այդ երեխաները փոքր տարիքի են, որոնց սկզբունքորեն խորհուրդ չի տրվում գլուխ գլխի տալ: Բայց հիմա դեռահասներն ամեն օր իրար են հպում գլուխները, որպեսզի բջջային հեռախոսով միասին նկարվեն»,- ասում է Մարսին:

ՄաքՔուիլլանը նշում է, որ եթե նախկինում դա հիմնականում փոքր տարիքի երեխաների խնդիրն էր, հիմա Nitless Noggins կլինիկա ավելի հաճախ են այցելում բարձր դասարանների դեռահասներ եւ քոլեջների ուսանողներ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով SFist-ին:

«Բոլոր դեռահասները, որոնց հետ ես զրուցել եմ, ասում են, որ բջջային հեռախոսներով լուսանկարվում են ամեն օր: Կարծում եմ՝ ծնողները պետք է իմանան, որ այդ ուրախ զբաղմունքը կարող է վատ հետեւանքներ ունենալ իրենց երեխաների համար»,- ամփոփում է ՄաքՔուիլլանը: