Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնել են, որ հասկացել են, թե ինչպես կարելի է իմունային համակարգին ստիպել պայքարել քաղցկեղի դեմ: Հետազոտողները ուռուցքի մեջ հազվագյուտ կենսաբանական մարկերներ են հայտնաբերել եւ անվանել են դրանք հիվանդության «աքիլեսյան գարշապարը»:

Գիտնականները պարզել են, որ աճին ու օրգանիզմով մեկ տարածվելուն զուգահեռ՝ քաղցկեղային բջիջներն իրենց հետ կրում են բիոմարկերների՝ մակերեսային պրոտեինների որոշակի հավաքածու: Հայտնաբերելով դրանք՝ կարելի է իմունային համակարգի աշխատանքը ուղղել դրանք պարունակող բջիջների դեմ պայքարին:

Մեթոդի հիմքում հիվանդի ԴՆԹ –ի ուսումնասիրությունն է, ու գիտնականների խոսքով այն կկարողանա փոխարինել քիմիաթերապիային ու ռադիոթերապիային: Հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է ամսագրում, իսկ դրան կարճ անդրադարձել է նաեւ The Guardian-ը:

Պատվաստանյութերը, որոնք հիմա օգտագործվում են քաղցկեղի դեմ, քիչ արդյունավետ են, քանի որ ոչ միշտ են կարողանում ճիշտ ճանաչել քաղցկեղի բջիջները ու երբեմն հենց օրգանիզմի դեմ են գործում: Բանն այն է, որ ուռուցքային բջիջները միատեսակ չեն, դրանք մուտացվում են ու փոխվում օրգանիզմում: Սակայն դրանց առաջին մուտացիաները նույնն են ու դրանք ամրագրված են հակագեներում, որոնք գտնվում են հիվանդ բջիջների մակերեսին: Կենսաբանները հայտնաբերել են, որ իմունային համակարգի Т-լիմֆոցիտները, որոնք ճանաչում ու ոչնչացնում են օտարածին բջիջները, կարող են գտնել ուռուցքի համար այդ ընդհանուր հակագեները նույնիսկ հիվանդության վերջին փուլերում:

Փորձի ընթացքում գիտնականները վերցրել են թոքերի քաղցկեղով հիվանդ երկու մարդու Т -բջիջներ: Լաբորատորայում այդ իմունային բջիջները կարողացել են գտնել քաղցկեղային բջիջները, հետեւաբար դրանք կկարողանան նաեւ ոչնչացնել դրանք: Բժիշկ Սերխիո Կվեզադան հետեւյալ համեմատությունն է անում «Իմունային համակարգը ոստիկանությունն է, որը ձգտում է վնասազերծել քաղցկեղը՝ հանցագործին: Գենետիկորեն տարբեր ուռուցքները հանցավոր խմբերն են, որոնք զանազան հանցագործություններով են զբաղվում՝ կողոպուտից սկսած մինչեւ մաքսանենգություն: Ի վերջո իմունային համակարգը չի հասցնում հետեւել քաղցկեղին, քանի որ միանգամից չափից շատ բան է կատարվում»:

Հետազոտությունների արդյունքում կենսաբանները առաջարկել են օնկոհիվանդների բուժման երկու նոր միջոց: Առաջին միջոցը յուրաքանչյուր հիվանդի համար անհատական պատվաստանյութ ստեղծելն է: Այս միջոցը ծախսաշատ է ու չի օգնի շտապ բուժման անհրաժեշտության դեպքում: Երկրորդ միջոցն է օրգանիզմում «որսալ» բջիջներ, որոնք գտնում են անհրաժեշտ մուտացիաները, բազմացնել դրանք լաբորատորիայում ու նորից բնակեցնել հիվանդի օրգանիզմում:

Ինչպես հայտնում է BBC News–ը, նոր մեթոդը դեռ չի փորձարկվել հիվանդների վրա:Գիտնականները հույս ունեն այն փորձարկել մոտակա երկու տարիներին: