Ի՞նչ պետք է անել, եթե երեխան հիվանդացել է գրիպով, սուր շնչառական վիրուսային վարակով (ՍՇՎՎ) կամ աղիքային վարակով.
Պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ավագ մասնագետ, բժիշկ-համաճարակաբան Լիանա Թորոսյանն ասում է, որ եթե երեխան հիվանդացել է, պետք չէ անմիջապես նրա հետ վազել հիվանդանոց, ավելի ճիշտ է երեխային պոլիկլինիկա տանել, որտեղ տեղամասային մանկաբույժը կզննի նրան, կախտորոշի եւ ճիշտ բուժում կնշանակի:
Լիանա Թորոսյանի կարծիքով՝ առանց բժշկի ցուցման երեխային հոսպիտալացնելն այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ երեխան կարող է հիվանդ լինել սովորական հարբուխով, իսկ հարեւան հիվանդասենյակի երեխան՝ գրիպով, եւ Ձեր երեխան կարող է գրիպի վիրուսով վարակվել հիվանդանոցում, ինչը միայն կվատացնի նրա վիճակը: Ուստի հոսպիտալացնելու որոշումը պետք է ընդունի միայն եւ միայն տեղամասային բժիշկը, ոչ թե երեխայի ծնողները:
Իսկ եթե երեխան հիվանդացել է հանգստյան օր Թորոսյանը հիշեցնում է, որ ներկայումս եւ առաջիկա շաբաթներին մանկաբույժներն ու թերապեւտները Երեւանի պոլիկլինիկաներում կհերթապահեն եւ շաբաթ, եւ կիրակի օրերին՝ առավոտյան 9:30-ից մինչեւ 15:00: Ուստի հնարավոր կլինի պոլիկլինիկա դիմել նաեւ հանգստյան օրերին:
Շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ
Հիշեցնենք՝ երկրում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է: Կան նաեւ մի շարք դեղեր՝ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կողմից, որոնք պոլիկլինիկաները պարտավոր են երեխաներին անվճար տրամադրել: Հիշեք այս մասին, երբ դիմեք տեղի պոլիկլինիկա:
Ինքնաբուժության մասին...
Որոշ ծնողներ, հենց երեխան հիվանդանում է, սկսում են նրան շատ դեղեր տալ՝ ընդհանրապես չմտածելով հետեւանքների մասին: Բժիշկ-համաճարակաբան Լիանա Թորոսյանն ասում է, որ նման մոտեցումը ճիշտ չէ, քանի որ ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ, որ հիվանդ երեխաները դեղ խմեն, երբեմն բավարար է միայն հետեւելը բժշկի բավական պարզ խորհուրդներին:
Ավելին՝ որոշ դեղեր, հատկապես՝ հակաբիոտիկները, կարող են ոչ միայն չօգնել, այլեւ նույնիսկ վնասել երեխային՝ թուլացնելով նրա առանց այն էլ թույլ իմունիտետը: Մասնագետները հիշեցնում են՝ հակաբիոտիկները ոչնչացնում են բակտերիաները, ոչ թե վիրուսները, ուստի դրանք գրիպի եւ ՍՇՎՎ-ի ժամանակ խմելն անիմաստ է. այդ հիվանդությունների մեղավորները վիրուսներն են: Քանի որ հակաբիոտիկները բավական լուրջ եւ ուժեղ ազդեցություն ունեցող միջոց են, դրանք կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ եւ ոչ մի դեպքում ինքնուրույն չգործել:
Երբ բուժումն արդեն նշանակված է...
Եթե Դուք արդեն եղել եք բժշկի մոտ, կամ բժիշկն է Ձեզ այցելել եւ երեխային բուժում նշանակել, պարզապես փորձեք հետեւել բժշկի խորհուրդներին եւ հստակ կատարել նրա նշանակումները: Բացի դրանից՝ ահա մի քանի միջոց, որոնք երեխային կօգնեն շուտ լավանալ.
1. Հաճախ օդափոխեք երեխայի սենյակը
Մաքուր օդը երեխային կօգնի շուտ լավանալ, պարզապես հոգացեք, որպեսզի նա չմրսի օդափոխության ընթացքում՝ նրան ավելի տաք ծածկեք կամ որոշ ժամանակով ուրիշ սենյակ տարեք:
2. Երեխային մի ստիպեք ուտել
Հաճախ հիվանդ երեխաներն ախորժակ չեն ունենում, ինչն օրգանիզմի լիովին նորմալ արձագանքն է հիվանդությանը: Երեխային մի ստիպեք ուտել, եթե նա չի ուզում, քանի որ բացառված չէ, որ եթե երեխան բարձր ջերմություն ունի, օրգանիզմը դեռ պատրաստ չէ սնունդ ընդունել, եւ ցանկացած սնունդ կարող է սրտխառնոց առաջացնել: Սակայն եթե ջերմությունն իջել է, իսկ երեխան շարունակում է հրաժարվել ուտելիքից, հնարավոր է՝ պետք է մտածել բժշկի հետ խորհրդակցելու մասին:
3. Երեխային շատ հեղուկ տվեք
Մասնագետներն ասում են, որ հիվանդ երեխաները պետք է շատ հեղուկ խմեն, ընդ որում՝ պետք է նախընտրել մաքուր ջուրը, թեյը եւ բնական հյութերը, իսկ պահածոյացված հյութերը եւ գազավորված ըմպելիքները ցանկալի չեն:
Ի՞նչ չպետք է անել
Նախ՝ մասնագետները խորհուրդ չեն տալիս անընդհատ գրկել հիվանդ երեխային եւ նրան սովորականից մեծ ուշադրությամբ շրջապատել, քանի որ երեխան, հավանաբար, կսկսի կամակորություն անել՝ օգտագործելով մեծերի զգացմունքները եւ փորձելով ավելի մեծ ուշադրություն գրավել: Երեխային նվերներով հեղեղելը եւս շատ վատ միտք է, որովհետեւ հետո երեխան կարող է հիվանդ ձեւանալ՝ ուզենալով նվերներ կամ քաղցրավենիք ստանալ: Հոգեբաններն ասում են, որ երեխան պետք է միշտ ուշադրությամբ եւ սիրով շրջապատված լինի, որպեսզի հիվանդությունը չասոցացնի ծնողների մեծ հոգատարության հետ եւ որպեսզի թեկուզ ենթագիտակցաբար, չուզենա հիվանդանալ՝ վերջապես մեծերի ուշադրությանն արժանանալու համար:
Պետք չէ նաեւ անընդհատ հարցնել՝ արդյոք երեխան իրեն լա՞վ է զգում, անցա՞վ կոկորդի ցավը. այդպես Դուք նրա ուշադրությունն անհարկի կկենտրոնացնեք տհաճ զգացողությունների եւ ցավի վրա:






