Հայաստանի բնակիչների մեծամասնությունը որեւէ դիետայի չի հետեւում եւ նախընտրում է սնվել սեփական հայեցողությամբ, ինչպես ցույց է տվել հարցումը, որը NEWS.am Medicine-ի խմբագրությունն իրականացրել է իր ընթերցողների համար:
Հարցման մասնակիցների 67 տոկոսը պատասխանել է, թե որեւէ սննդակարգի չի հետեւում, ուտում է բացարձակապես այն ամենը, ինչ ուզում է: Հարցվածների 17 տոկոսը հայտնել է, որ ջանում է ուտել միայն բնական եւ օգտակար մթերքներ: 11 տոկոսը հայտնել է, թե սննդակարգի է հետեւում նիհարելու համար, իսկ մնացած 5 տոկոսը բժշկի կողմից նշանակված հատուկ սննդակարգերի է հետեւում, որովհետեւ խրոնիկական հիվանդություններից է տառապում:
Հարցմանն ընդհանուր առմամբ 529 մարդ է մասնակցել:
Այսպես, մեզ անհրաժե՞շտ է սննդակարգը: Ցավոք, ոչ ոք չի կարող այդ հարցին միանշանակ պատասխան տալ:
Մի կողմից այսպես կոչված ինտուիտիվ սնվելու կողմնակիցները պնդում են, թե ցանկացած սննդակարգ չարիք է, որովհետեւ օրգանիզմը դիետոլոգներից լավ գիտե, թե իրեն ինչ եւ ինչքան է պետք: Մյուս կողմից ժամանակակից աշխարհում քչերն են կարողանում ականջ դնել իրենց օրգանիզմին եւ իրոք ուտել այն, ինչ օրգանիզմն այդ պահին պահանջում է: Ավելին, ամեն ժամանակակից մարդ չէ, որ կարողանում է ճանաչել քաղցի զգացումը եւ հագեցածություն զգալով` դադարեցնել ուտելը:
Հենց այդ պատճառով ստացվում է, որ շատերն այն մարդկանցից, որոնք ուտում են այն ամենը, ինչ ուզում են, իրականում բոլորովին էլ չեն լսում իրենց օրգանիզմին եւ չափից շատ են ուտում, ինչպես նաեւ հաճախ նախապատվությունը տալիս են բարձր կալորիականությամբ, վնասակար սննդին, որը ոչ մի արժեք չունի եւ գրեթե ոչ մի օգտակար սննդանյութ չի պարունակում: Պատահական չէ, որ Հայաստանը վերջերս գլխավորել է այն երկրների թիվը, որոնք ամենաանառողջ սննդակարգն ունեն` առաջ անցնելով Հունգարիայից եւ Բելգիայից:
Ինչպես նշել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, հայերի մեծամասնությունն իրականում ուտում է շատ եւ սխալ եւ նրանց սննդակարգը ոչ մի կերպ առողջ չես կոչի: Հարցն այն է, որ հայերը շատ տապակած սնունդ են ուտում, ֆասթ-ֆուդ, ապխտած սնունդ եւ աղ: Ճիշտ է, լավ է այն, որ մրգերն ու բանջարեղենն էլ սննդակարգում բավականին շատ են
Արդյունքում ճարպակալման եւ նույնիսկ մանկական ճարպակալման խնդիրը գնալով ավելի ու ավելի այժմեական է դառնում Հայաստանում:






