Վիետնամում ծնված երկվորյակ տղաները բոլորովին նման չէին ոչ իրար, ոչ իրենց ծնողներին: Մեկը խիտ, գանգուր մազեր ուներ, մյուսը` բարակ եւ ուղիղ:  Ծնողները մտածում էին, թե ծննդատանը գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել եւ իրենց օտար երեխաներ են տվել: Բայց պարզվել է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է. ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ երեխաներն իրոք երկվորյակներ են, որոնք ծնվել են իրենց մորից: Բայց նրանք տարբեր կենսաբանական հայրեր ունեին

Վիետնամի Գենետիկական ասոցիացիայի նախագահ Լի Դին Լունգն ասել է, որ ծնողները ծայրաստիճան զարմացել էին` իմանալով դա, սակայն դեպքի մանրամասները գաղտնի են պահվում: Վիետնամում դա տարբեր ծնողներից երկվորյակների ծննդի, թվում է, առաջին դեպքն է, ասում են մասնագետները: 

Սուպերֆեկունդացիան` տարբեր հայրերից երկվորյակների ծնունդը հաճախ է հանդիպում կենդանիների մոտ, սակայն մարդկանց  մոտ ծայրաստիճան հազվադեպ է լինում: Գիտական գրականության մեջ նկարագրված է ընդամենը  տասնյակ նման դեպք: Սուպերֆեկունդացիան կարող է տեղի ունենալ, եթե կինը սեռական շփումներ է ունեցել երկու տղամարդու հետ, ընդ որում, տվյալ դաշտանային ցիկլում նրա մոտ երկու ձվաբջիջ է հասունացել, որոնցից յուրաքանչյուրը բեղմնավորվել է տարբեր տղամարդու սպերմատոզոիդներով: Նման բանի հավանականությունն իրոք էլ ծայրաստիճան փոքր է: 

Սուպերֆեկունդացիա կարող է տեղի ունենալ նաեւ արտամարմնական բեղմնավորման ընթացքում, եթե երկու միասեռական ուզում են երեխա ունենալ: Եթե բժիշկները երկուսի սպերմատոզոիդներն էլ օգտագործեն փոխնակ մոր ձվաբջիջների բեղմնավորման համար, հավանական է, որ երկվորյակներ ծնվեն երկու տղամարդուց: 

Թե իրականում ինչ եւ ինչպես է տեղի ունեցել վիետնամական երկվորյակների սաղմնավորման ընթացքում, անհայտ է: 

2015-ին Նյու Ջերսիի դատարանը որոշեց, որ տղամարդն ամուսնալուծությունից հետո ալիմենտ կվճարի երկվորյակ աղջիկներից միայն մեկի համար, որ ունեցել էր նրա նախկին կինը, որովհետեւ մյուս աղջկա կենսաբանական հայրն ուրիշ տղամարդ էր: