Զիկա վիրուսը, ամենայն հավանականությամբ, կարող է ոչ միայն բնածին արատներ ու կաթված առաջացնել նորածինների մոտ, այլեւ ուղեղի մահացու վտանգավոր բորոբքում: Ինչպես հայտնում է The New England Journal of Medicine ամսագիրը, գիտնականները այս վիրուսը գտել են մենինգոէնցեֆալիտով (ուղեղը շրջապատող մեմբրանի վտանգավոր բորբոքում) հիվանդ 81-ամյա մարդու ողնուղեղային հեղուկում:

Ախտորոշումից առաջ տղամարդը ճամփորդել էր Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Նոր Զելանդիայից, Նոր Կալեդոնիայից, Վանուատուից ու Սոլոմոնյան կղզիներից ոչ հեռու:

Ըստ բժիշկների հաշվետվության , տղամարդը կատարելապես առողջ էր , բայց վերադառնալով ճամփորդությունից, կոմայի մեջ էր ընկել: 48 ժամից նրա մոտ ցան էր սկսվել: Որոշ ժամանակ նա արհեստական շնչառության սարքին էր միացված: 24 ժամից նա ուշքի է եկել, սակայն նրա մոտ հալյուցինացիաներ են սկսվել, իսկ ձախ ձեռքն էլ թուլացել է: Հատուկ բուժում նա չի ստացել, բայց նրա վիճակը շուտով կայունացել է ու 17 օր անց նրան դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից: 38 օր հետո նրա մտավոր ունակությունները նույնպես վերականգնվել են, բայց ձեռքի թուլությունը չի անցել:

Զիկա վիրուսի հիմնական տարածողներն են համարվում Aedes aegypti մոծակները, որոնք նաեւ դենգե ու Արեւմտյան Նեղոսի վիրուսներն են տարածում: Վերջինները նույնպես կարող են մենինգոէնցեֆալիտ առաջացնել, նշել է բժիշկ Փեթեր Հոթեզը՝ National School of Tropical Medicine at Baylor College of Medicine-ից (Հյուսթոն):

Մասնագետների խոսքով, եթե Զիկա վիրուսի ու մենինգոէնցեֆալիտի միջեւ կապը ապացուցվի, դա կվերհանի իրավիճակի ամբողջ լրջությունը , չէ՞ որ կստացվի , որ այդ վիրուսը միկրոցեֆալիայից ու մյուս բնածին արատներից բացի մի շարք այլ վտանգավոր հիվանդություններ ու բարդացումներ է առաջացնում: