Pluristem Therapeutics (Իսրայել) բիոտեխնոլոգիական ընկերությունն ընկերքային բջիջների հիմքի վրա դեղամիջոց է մշակել, որը կարող է օգնել` պայքարելու ճառագայթահարման հետեւանքների` պոլիօրգանային անբավարարության եւ այլնի դեմ:
Ինչպես բացատրել է Էսթեր Լուկաշեւիչ Հագայը, դեղամիջոցի ստեղծման համար օգտագործված ընկերքները վերցվել են կանանցից` նրանց համաձայնությամբ, կեսարյան հատում իրականացնելուց հետո: Պարզվել է, որ ընկերքներում պարունակվող բջիջներն ի վիճակի են պայքարել թոքերի, ոսկրածուծի, աղեստամոքսային տրակտի վնասվածքների դեմ, որոնք առաջանում են ճառագայթահարման հետեւանքով:
Այս տարվա հունվարին FDA-ն հավանություն էր տվել կենդանիների վրա նոր դեղամիջոցի փորձարկումներին: Կոդային PLX-R18 անվանումով դեղամիջոցը ճառագայթահարման ենթարկված կրծողներին օգնել է 100 տոկոսով վերականգնվել: Ամենալավ արդյունքները ստացվել են, երբ դեղամիջոցը ներարկել են կենդանիների` ճառագայթման մահացու չափաբաժնի ենթարկվելուց հետո 48 ժամվա ընթացքում:
Մշակողները նշում են, որ իրենց ստեղծած դեղամիջոցն ամբողջությամբ պատրաստ է օգտագործման համար եւ պարզ կիրառություն ունի: Հնարավոր է, որ այն օգնի Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորների հետ աշխատող մարդկանց, ինչպես նաեւ փրկի բոլոր նրանց կյանքը, ովքեր երբեւէ կբախվեն նման աղետի:






