Merck Research Laboratory-ի գիտնականները հակաբիոտիկների դեմ կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պայքարի նոր միջոց են գտել: Ինչպես ցույց են տվել մկների վրա փորձարկումները, հակաբիոտիկների հետ սինթետիկ դեղամիջոցի օգտագործումը բուժումն ավելի արդյունավետ է դարձնում. մանրէները դարձյալ խոցելի են դառնում հակաբիոտիկների դեմ:
Նոր դեղամիջոցն արգելափակում է մանրէների կողմից տեյխոյաթթվի սինթեզումը, որը բջջային պատերի կարեւոր բաղադրիչ է համարվում: Մանրէական բջջային պատերի ամբողջականության խախտումը միկրոօրգանիզմները հակաբիոտիկների դեմ պակաս կայուն է դարձնում:
Հետազոտողները պարզել են, որ տեյխոյաթթվի սինթեզմանը մասնակցող ֆերմենտների աշխատանքը կարող են արգելափակել տարոցին А-ն եւ տարոցին В-ն: Մետիցիլլինակայուն ստաֆիլոկոկով վարակված մկներին միաժամանակ տարոցինների եւ հակաբիոտիկների ներարկումն օգնել է հաղթահարել հիվանդությունը: Հետաքրքիր է, որ այս բաղադրիչներից յուրաքանչյուրն առանձին անարդյունավետ է եղել. նրանք լավ են աշխատել միայն միասին:
Դեղագործական ընկերության ներկայացուցիչ Թերրի Ռոեմերը հույս ունի, որ դեղամիջոցն արդյունավետ կլինի նաեւ մետիցիլլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկով վարակված մարդկանց վարակների բուժման գործում: Բացի այդ, տարոցինները հնարավոր կլինի օգտագործել տարբեր հակաբիոտիկների հետ համադրելով` պայքարելու հակաբիոտիկների դեմ կայուն նաեւ այլ մանրէների դեմ:






