Երիկամի փոխպատվաստման համար իդեալական դոնոր փնտրելը բոլորվին էլ անհրաժեշտ չէ, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` այն մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է արվել, 8 տարով ավելի երկար են ապրել, քան նրանք, ում երիկամի փոխպաստում չի արվել համապատասխան դոնորի բացակայության պատճառով:  

Գիտնականների խոսքով, HLA-անհամատեղելի փոխպատվաստում տարած հիվանդների շրջանում ութ տարի ապրողները 77 տոկոս են կազմել, նրանց շրջանում, ում դիակի երիկամ են փոխպատվաստել` 63 տոկոս եւ ընդամենը 44 տոկոս այն հիվանդների շրջանում, ում երիկամի փոխպատվաստում չէր արվել: 

Գիտնականների խոսքով, այդ տվյալները մատնանշում են, որ երիկամի փոխպատվաստում իրականացնելու համար ոչ միշտ է անհրաժեշտ իդեալականորեն համապատասխանող դոնոր գտնել, չէ որ նման դոնորի փնտրտուքի վրա կարող է մի քանի տարի ծախսվել (նաեւ վտանգ կա, որ այն երբեք չի գտնվի), իսկ HLA-անհամատեղելի երիկամ հնարավոր է գտնել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Ստացված տվյալները կարող են հանգեցնել այն բանին, որ երիկամի փոխպատվաստման վիրահատություններ ավելի հաճախակի կարվեն, ինչի արդյունքում ավելի շատ կյանքեր կփրկվեն: 

Ճիշտ է, որպեսզի ստացողը չվանի նոր օրգանը, մասնագետները ստիպված են եղել փոփոխել նրա իմունային համակարգը եւ «դեսենսիբիլիզացիայի» (զգայականության նվազեցման) պրոցեդուրա իրականացնել, այսինքն հատուկ ֆիլտրերի միջոցով հիվանդի մարմնից լիովին հեռացրել են այն հակամարմինները, որոնք վանում են դոնորական օրգանը: Նոր հակամարմինները, որոնք օրգանիզմը մշակում է պրոցեդուրայից հետո, արդեն նախորդներից ավելի փոքր ուժով են վանում փոխպատվաստված օրգանը: Առայժմ գիտնականները բացատրություն չեն գտել այս գործընթացին: 

Ութ տարվա հետազոտությունների ընթացքում կենդանի դոնորներից դեսենսիբիլիզացիայի պրոցեդուրայի ուղեկցությամբ անհամատեղելի երիկամներ է ստացել ավելի քան հազար մարդ: 

«Այս մեթոդը շատ մարդկանց կյանքը փրկելու ներուժ ունի, ասել է երիկամների փոխպատվաստման ոլորտի մասնագետ Ջեֆֆրի Բեռնսը: Այն կարող է կրճատել սպասման ժամանակը տասնյակ հազարավոր հիվանդների համար, որոնք առանց վիրահատության, ստիպված կլինեն ամբողջ կյանքում դիալիզ կատարել»:

«Դեսենսիբիլիզացիայի» պրոցեդուրա են անցնում երիկամի փոխպատվաստումից երկու շաբաթ առաջ: Այն թանկ արժե (30 000 դոլար), բայց մասնագետները պնդում են, որ երկարաժամկետ հեռանկարում այս մեթոդն ավելի էժան է նստում, քան դիալիզը, որը տարեկան 70 000 դոլար արժե եւ որը ստիպված են լինում կատարել ամբողջ կյանքի ընթացքում: Ինքը` փոխպատվաստումը, հիվանդներին 100 000 դոլար է արժենում: