Զարկերակային ծորանը անոթ է, որը թոքային զարկերակը միացնում է աորտային` այդպիսով թույլ տալով պտղի հեղուկով լցված սեղմված թոքերին թթվածնով հարստացված արյուն մատակարարել սրտի աջ փորոքից: Մինչ պտուղը մոր արգանդում է, այդ ծորանը բաց է մնում` ապահովելով նրա նորմալ զարգացումը:
Երեխայի ծննդից հետո այդ ծորանը պիտի փակվի եւ վերածվի արյան համար անանցանելի կապի: Սովորաբար դա տեղի է ունենում կյանքի առաջին 15-20 ժամերի ընթացքում: Սակայն, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է պրոֆեսոր Ռանգասամի Ռամանտանը (ԱՄՆ), այդ ծորանը երբեմն բաց է մնում, ինչը կարող է երեխայի համար խնդիրներ ստեղծել: Օրինակ` թոքերին ավելի շատ արյուն է մատակարարվում, քան պետք է, ինչը վնասում է թոքերը եւ վատացնում է արյան շրջանառությունը եւ ուղեղին թթվածնի մատակարարումը:
Զարկերակային բաց ծորանը (patent ductus arteriosus) սրտի բնածին արատ է համարվում: Եթե ծորանն ինքնուրույն չի փակվում, ամենայն հավանականությամբ երեխային բուժում է պետք:
Ինչպես նշել է բժիշկ Ռանգասամի Ռամանատանը, կան մի շարք դեղամիջոցներ, որոնց օգնությամբ մասնագետները բուժում են այդ վիճակը եւ որոնք նպաստում են ծորանի փակմանը: Այդ դեղամիջոցներն արդյունավետ են դեպքերի 70-80 տոկոսում: Սակայն եթե թերապիան երեխային չի օգնում եւ եթե նա ծանր վիճակում է եւ միացված է արհեստական շնչառության սարքին, նրան կարող է վիրահատություն անհրաժեշտ լինել ծորանը փակելու համար:
Մասնագետը նշել է, որ դա ծանր վիրահատություն է եւ կարող է ազդել երեխայի հետագա զարգացման վրա: Այդ պատճառով անհրաժեշտ է վիրահատության դիմել միայն ծայրահեղ դեպքում, եթե բուժման թերապեւտիկ մեթոդները չեն օգնում:






