100 աղջկա դիմաց սովորաբար 105-106 տղա է ծնվում, աղջիկները ավելի դիմացկուն են համարվում, տղաների որոշ քանակությունը մահանում է, չհասնելով հասուն տարիքի, դրա համար էլ գալիս է մի պահ, երբ տղաների ու աղջիկների քանակը հավասարվում է: Որոշ երկրներում, սակայն, ավելի քիչ աղջիկներ են ծնվում, քան բնությունն է նախատեսում: Հյաաստանն էլ է այդ երկրների թվին պատկանում, Ադրբեջանի, Վրաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ միասին:
Ինչպես նշել է Հայաստանում Save the children կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Մկրտրչյանը, մեր երկրում 100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում: Սակայն դա երկրի միջին ցուցանիշն է: Որոշ մարզերում այդ ցուցանիշն ավելի բարձր է: Օրինակ Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում՝ դա թերեւս ռեկորդային ցուցանիշ է ամբողջ աշխարհի համար: Արագածոտնի մարզը նույնպես այս հարցում հետ չի մնում: Իսկ ահա Սյունիքում, հակառակը, տղաների ու աղջիկների հարաբերակցությունը մոտ է բնականին՝ 111 տղա 100 աղջկա դիմաց:
Իսկ ինչո՞ւ են Գեղարքունիքում ու Արագածոտնում ավելի շատ տղաներ ծնվում:
Այս հարցին դժվար է պատասխանել: Կա տեսակետ, որ այդ մարզերի բնակիչները հաճախ են այլ երկրներ մեկնում արտագնա աշխատանքի ու դրա համար էլ ուզում են որդիներ ունենալ, որոնք նույնպես հարկ եղած դեպքում կկարողանան արտագնա աշխատանքի մեկնել: Հնարավոր է նաեւ, որ այդ մարզերում ապրողները ավելի թեթեւ են վերաբերվում հղիության արհեստական ընդհատումներին առհասարակ ու սեռաով պայմանավորված ընդհատումներին՝ մասնավորապես:
Հիշեցնենք նաեւ, որ 2011թ. Միացյալ ազգերի կազմակերպության ազգաբնակչության հարցերով հիմնադրամը հետազոտություն էր արել, որը ցույց է տվել, որ Հայաստանում 100 աղջիկների դիմաց 114 տղա է ծնվում, այլ ոչ թե 105-106, ինչպես բնությունն է նախատեսում: Սեռերի հարաբերակցության նման խախտման պատճառով, մասնագետների կարծիքով, երկրում մինչեւ 2050թ. չի ծնվի մոտվորապես 90 000 աղջիկ, որոնք կարող էին մայրանալ ու նպաստել երկրի ժողովրդագրական աճին:
Հայաստանում այսօր հղիության սելեկտիվ ընդհատումների դեմ պայքարի մի շարք ծրագրեր են իրականացվում, օրինակ, «Պտղի սեռի խգտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը, սակայն դրանց արդյունավետության մասին դեռ վաղ է խոսելը: Ըստ պաշտոնական աղբյուրների, վերջին տվյալներով, ծնվող տղաների ու աղջիկների թվի հարաբերակցությունը մի քիչ փոխվել է ու դարձել 113-ը 100-ի, 114-ը 100-ի փոխարեն: Բայց որոշ մասնագետներ վստահեցնում են, որ իսկական նվազեցման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե այդ ցուցանիշը պահպանվի կամ էլ շարունակի նվազել առաջիկա մի քանի տարիներին:






