Ելակը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, այսպիսի եզրակացության են եկել իտալացի եւ իսպանացի հետազոտողները, որոնք 23 կամավորի ամենօրյա սննդակարգում 1 ֆունտ (մոտ կես կիլո) ելակ են ավելացրել:

Փորձը, որը կատարել են Marche ճարտարագիտական համալսարանի (Իտալիա) եւ Salamanca համալսարանի (Իսպանիա) հետազոտողները, տեւել է մեկ ամիս: Մասնակիցները հետազոտության համար արյուն են հանձնել փորձից առաջ եւ հետո, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Արդյունքները, որոնք հրապարակվել են Nutritional Biochemistry ամսագրում, ցույց են տվել, որ խոլեստերինի ընդհանուր քանակը, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը (վատ խոլեստերին) եւ տրիգլիցերիդների քանակը նվազել է մինչեւ 8,78 %, 13,72 % եւ 20,8 % համապատասխանաբար: Բարձր խտության լիպոպրոտեիդները ( լավ խոլեստերին) մնացել են անփոփոխ:

Մասնակիցների այլ տվյալներ եւս բարելավվել են՝ պլազմայի ընդհանուր լիպիդային պատկերը, հակաօքսիդանտ կենսամարկերները (ինչպես՝ վիտամին С-ն), հակահեմոլիտիկ պաշտպանությունը եւ տրոմբոցիտների գործառույթը: Բոլոր պարամետրերը նախնական վիճակին վերադարձել են «ելակաբուժությունից» 15 օր հետո:

Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ելակը հզոր հակաօքսիդանտ է: Սակայն Marche համալսարանի գիտնականների խոսքով՝ դա առաջին հետազոտությունն է, որն ապացուցում է, որ ելակը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկային գործոնները:

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե հատկապես որ բաղադրիչն է այդպիսի զարմանալի ազդեցություն ունենում, բայց կարծում են, որ դա անտոցիանն է՝ բուսական պիգմենտ, որը պտղին տալիս է կարմիր գեղեցիկ գույն:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ ելակի պարբերական օգտագործումը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, նվազեցնում է վնասը, որն ալկոհոլը կարող է ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա, ամրապնդում է էրիտրոցիտները, կամ արյան կարմիր բջիջները, լավացնում է արյան հակաօքսիդանտության ցուցանիշները: