Ֆլորիդայի համալսարանի գիտնականները մարդու բերանում նոր հավաքարար մանրէներ են հայտնաբերել, որոնք կարող են պայքարել ատամներն ավերող ոսկրափուտային մանրէների դեմ: Ապագայում հնարավոր կլինի այդ մանրէներն օգտագործել ոսկրափուտի կանխարգելման նպատակով: 

«Այդ մանրէները, որոնք քայքայում են արգինինն ու այլ թթուներ, կարող են թերապիայի «թիրախ» դառնալ, ինչպիսին պրոբիոտիկներն են աղիների միկրոֆլորայի համար:  Մենք կարող ենք ոսկրափուտի հակում ունեցող առողջ երեխայի կամ հասուն մարդու օրգանիզմ պրոբիոտիկ մտցնել եւ նրանց ատամները պաշտպանել ավերումից` նպաստելով տվյալ միկրոօրգանիզմների աճին», — ասել է Ռոբերտ Բեռնը: 

Բեռնն ու իր գործընկերներն ուսումնասիրել են մի քանի մարդու բերանի ատամնաքարի նմուշներ, որոնք ոսկրափուտի խնդիր չէին ունեցել, չնայած բերանի հիգիենային անփույթ մոտեցմանը: Գիտնականները պարզել են, որ նրանց բերանի խոռոչում ստրեպտոկոկների` մակաբույծ մանրէների անսովոր շտամմ է ապրում: Հենց այդ մանրէի շտամմներն են մեր բերանի «հավաքարարների» եւ «ոստիկանների» դեր խաղում: Գիտնականներն այդ մանրէների համար դեռեւս անվանում չեն հորինել, այդ պատճառով կոչում են  А12:

Ինչպես բացատրում են կենսաբանները, ոսկրափուտն ատամների մակերեւույթին ի հայտ է գալիս ստրեպտոկոկի մեկ այլ տեսակի` Streptococcus mutans-ի կենսագործունեության հետեւանքով, որը թքի եւ ատամների մակերեւույթի մեջ մեծ քանակությամբ թթու է արտազատում:  Թքի բարձր թթվայնության պատճառով էմալի հատիկներն իրար սոսնձող «ցեմենտը» աստիճանաբար քայքայվում է, իսկ ատամների մակերեւույթին միկրոճաքեր են ի հայտ գալիս: Ճաքերում մանրէների նոր համայնքներ են հաստատվում, ատամը սկսում է ավերվել եւ ոսկրափուտային խոռոչ է առաջանում:  

Սակայն А12-ը խանգարում է Streptococcus mutans-ի բազմացմանը եւ նրանց կողմից ատամները ոչնչացնող թթուների արտազատմանը: Փորձարկումները ցույց են տվել, որ մանրէ-հավաքարարները ջրածնի գերօքսիդ եւ մի շարք հատուկ ֆերմենտներ են արտազատում, որոնք արգելափակում են ոսկրափուտային մանրէներում սպիտակուցների արտադրությունը: 

Գիտնականները ենթադրում են, որ А12-ի հետագա ուսումնասիրությունը մեզ կօգնի հնարավորինս խթանել այդ մանրէների աճը եւ նրանց ստիպել ավելի ակտիվորեն ճնշել    Streptococcus mutans-ին եւ այլ ոսկրափուտային մանրէների:  

Այդ մասին պատմում է Applied and Environmental Microbiology ամսագրում հրապարակված հոդվածը: