Տարբեր երկրներում տարբեր դարերի տարբեր պատկերացումներ են եղել գեղեցկության մասին, որոնք զգալիորեն տարբերվում են այսօրվաններից: Ինչ ստանդարտների պիտի համապատասխանի կինը գեղեցիկ համարվելու համար: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կարծում է, որ նախ եւ առաջ գեղեցիկ է ինքնավստահ եւ իրեն սիրող կինը:
Որոշ կանայք, ինչպես նշել է հոգեբանը, դժգոհ են իրենցից եւ իրենց գեղեցիկ չեն համարում, եւ դա նրանց համար տառապանքի աղբյուր է դառնում: Դրա պատճառն ամենայն հավանականությամբ ինքնավստահության պակասն է, ինչպես նաեւ այն, որ իրենց համեմատում են որոշակի ստանդարտների հետ, որոնց իրենք հազիվ թե կարողանան համապատասխանել: Օրինակ` կինը կարող է իր քիթը համեմատել աստղերի քթերի հետ, ինչի հետեւանքով նրա մոտ կարող է անլիարժեքության բարդույթ առաջանալ, չէ որ նրան կթվա, թե իր քիթը չի համապատասխանում ստանդարտներին:
Նա ինչ կարող է անել այդ դեպքում: Կամ գնալ պլաստիկ վիրաբույժի մոտ եւ փոխել քթի ձեւը կամ փոխել իր վերաբերմունքն այդ խնդրին, հասկանալ, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ իր քիթը նման լինի նրանց, որոնք ցուցադրվում են ամսագրերում: Ամեն դեպքում կարեւոր է, որ մարդն ի վիճակի լինի իրեն համարժեք գնահատել եւ գնահատման իրատեսական չափանիշներ ունենա:
Ինչպես նշել է հոգեբանը, շատ կարեւոր են նաեւ փոխհատուցման մեխանիզմները: Եթե մարդը վստահ չէ իր արդարացիությանը, կարող է դա փոխհատուցել անձնական որակներով, հումորի զգացմամբ, ինտելեկտով, պրոֆեսիոնալիզմով: Դա կօգնի բարձրացնել ինքնագնահատականը եւ ինքն իր հետ ներդաշնակություն ձեռք բերել:
Իսկ եթե մարդը չի կարողանում իրեն համարժեք գնահատել եւ միաժամանակ փոխհատուցման մեխանիզմներ չունի, նա անընդհատ ինքն իրենից դժգոհ կլինի եւ կախված կլինի արտաքին գնահատականից: Դա հազիվ թե նրան ավելի գրավիչ դարձնի:
«Որքան ավելի ինքնավստահ է կինը, այնքան ավելի շատ է սիրում իրեն եւ այնքան ավելի գեղեցիկ է», - նշել է հոգեբանը:
Եթե կինը կարող է ինքն իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին նրան ստեղծել է բնությունը, եթե նա իր «ես»-ի հետ ներդաշնակության մեջ է ապրում, եթե կյանքում հակումներ եւ հետաքրքրություններ ունի, եթե բավարար ժամանակ է հատկացնում իրեն եւ իր կարիքներին, նա արդեն գեղեցիկ է, նշել է հոգեբանը:






