Աստիճաններ բարձրանալը ոչ միայն օգնում է լավ ֆիզիկական վիճակում մնալ, այլեւ ամրացնում է ուղեղի առողջությունը, պարզել է Մոնրեալի Կոնկորդիա կանադական համալսարանի գիտնականների եհտազոտությունը: Բացի դրանից, նրանց ստացած տվյալներով՝ դրական դեր է կատարում նաեւ կրթությունը:
Հետազոտությանը մասնակցել է 19-79 տարեկան 331 առողջ մարդ: Բոլոր մասնակիցները անցել են ՄՌՏ պրոցեդուրայով: Հետազոտողները դրա օգնությամբ չափել են ուղեղում մոխրագույն նյութի ծավալը: Նեյրոնների կորուստի հետեւանքով դրա նվազումը ծերացման պրոցեսի սովորական բաղկացուցիչներից է:
Գիտնականները նաեւ տվյալներ են հավաքել մասնակիցների կրթության ու նրանց հաղթահարած աստիճանների քանակի մասին:
Արդյունքները ցույց են տվել, որ որքան շատ աստիճաններ են հաղթահարում մարդիկ ու որքան շատ տարիներ են նրանք ծախսել ուսման վրա, այդքան երիտասարդ է մնացել նրանց ուղեղը:
Գիտնականների խոսքով, արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ աստիճաններ բարձրանալու նման հասարակ գործը կարող է օգնել ուղեղի առողջության ամրապնդմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurobiology of Aging ամսագրում:






