Harvard Medical School-ի գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում սրտային գործող հյուսվածք մշակել: Իհարկե, առայժմ շատ վաղ է խոսել աշխատող իսկական սիրտ աճեցնելու հնարավորության մասին, սակայն գիտնականների աշխատանքը կարեւոր քայլ է այդ ուղղությամբ:
Մի քանի տարվա հետազոտությունների ընթացքում հետազոտողները Հարոլդ Օտտի գլխավորությամբ 73 դոնորային սիրտ են օգտագործել, որոնք հարմար չէին փոխպատվաստման համար: Նրանք հեռացրեցին սրտային հյուսվածքի բջիջները` պահպանելով միայն արտաբջջային մատրիքսը եւ չվնասված արյունատար անոթները: Դրանից հետո սրտի հիմնակմախքում կարդիոմիոցիտներ տեղադրեցին, որոնք ստացվել էին բազմապոտենտ ցողունային բջիջներից: Բջիջներն աճեցվում էին 120 օրվա ընթացքում. այդ եղանակով աճեցված սրտային հյուսվածքն աշխատում էր իսկականի նման եւ կրճատվում էր էլեկտրական ազդակներին ի պատասխան:
Հեղինակները հույս ունեն, որ մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի այդ տեխնոլոգիան օգտագործել «կարկատանների» ստեղծման համար, որոնց օգնությամբ հնարավոր կլինի փոխարինել սրտամկանային հյուսվածքի սրտի կաթվածի հետեւանքով վնասված հատվածները:
Գիտնականները նաեւ պիտի միջոց գտնեն օպտիմալացնելու աճեցման գործընթացն ու մեթոդները, որպեսզի սկսեն գործող բջիջների ավելի մեծ քանակություն ստանալ: Ամբողջական սրտի ստացման համար, օրինակ, գիտնականներին անհրաժեշտ կլինի տասնյակ միլիարդավոր բջիջներ ստեղծել: Անհրաժեշտ կլինի նաեւ ստացված հյուսվածքները հիվանդի աշխատող սրտի մեջ ներմուծելու արդյունավետ միջոց գտնել:
Այդ մասին հաղորդում է Circulation Research ամսագիրը:






