Հաջող նիհարելու համար կարեւոր է ոչ թե ինչ ենք մենք ուտում, այլ երբ ենք ուտում: Նման եզրակացության են հանգել Իսրայելի Weizmann Institute–ի հետազոտողները:

Դիետա պահողներից շատերը հսկայական նշանակություն են տալիս այն հարցին, թե ինչ են ուտում: Սակայն իսրայելացի գիտնականները համարում են, որ սնունդ ուտելու ժամանակը նիհարելու համար պակաս կարեւոր չէ: Մարդու օրգանիզմի մետաբոլիզմը ղեկավարում են կենսաբանական կամ ցիրկադային ռիթմերը: Եվ երբ մարդն ուտում է այդ ցիրկադային ռիթմերին ոչ համահունչ, դա բացասաբար է անդրադառնում նրա մետաբոլիզմի վրա:

Ահա թե ինչու սխալ ժամերի ուտելը դառնում է ճարպակալման ու շաքարախտի պատճառ: Հետազոտության հեղինակները պարզել են, որ ուտելու համար առավել հարմար ժամանակը արեւածագից 4 ժամ հետո է: Հենց այդ ժամանակ է օրգանիզմում շաքարի ու ճարպի այրման արագությունն առավելագույն ցուցանիշի հասնում:

Ցիրկադային ռիթմերը ղեկավարում են մեր մոլորակի բոլոր կենդանի արարածների կյանքը՝ մանրէներից սկսած մինչեւ ճանճեր ու մարդիկ: Դրանք ղեկավարում են քնի, ակտիվության, սնվելու ու մետաբոլիզմի ժամանակը: Հենց այդ պատճառով էլ մարդու օրգանիզմը որոշակի ժամերի է պատրաստ սնունդ ուտելուն: Եթե մենք սխալ ենք սնվում, մետաբոլիզմը խախտվում է, ու օրգանիզմում սկսում է կուտակվել ճարպ, ինչն էլ հենց ավելորդ քաշի պատճառ է դառնում:

Հետազոտության հեղինակները հետեւել են մեր բջիջների «էլեկտրակայանների» դեր կատարող միտոխոնդրիաներում ցիրկադային փոփոխություններին: Այդ փոփոխությունները ազդում են ցերեկվա ու գիշերվա ցիկլը կարգավորող բջիջներում էներգիայի մակարդակի վերին ցուցանիշների վրա: Նույնականացվել ու հաշվարկվել են հարյուրավոր միտոխոնդրիալ սպիտակուցներ, նաեւ հայտնաբերվել է, որ դրանց 40 տոկոսը օրական մեկ անգամ հասնում է իր էներգիայի գագաթնակետին: Դրա շնորհիվ պարզվել է, որ օրգանիզմը առավել արդյունավետ է մարսում սնունդը արեւածագից 4 ժամ հետո, հետեւաբար այդ ժամանակն է հենց իդեալական կուշտ նախաճաշելու կամ ճաշելու համար: