Եթե ուզում եք նիհարել, պիտի սովորեք լուռ ուտել: Նման եզրակացություն կարելի է անել այն փորձարկումների արդյունքների հիման վրա, որ իրականացրել են Բրիհամ Յանգի համալսարանի գիտնականները: 

Հետազոտողները պարզել են, որ սնունդը ծամելու ձայները կարող են ազդել այն բանի վրա, թե որքան եք ուտում: Այդ պատճառով ուտելու  ընթացքում ցանկալի է անջատել հեռուստացույցը կամ բարձր երաժշտությունը: Կողմնակի աղմուկը խլացնում է ուտելու ընթացքում մարդու արտաբերած ձայները: Այնինչ դրանք օգնում են կենտրոնանալ օգտագործվող սննդի քանակի վրա: 

«Եթե մարդիկ ավելի շատ են կենտրոնանում սնունդը ծամելու ձայների վրա, դա կարող է կրճատել օգտագործվող սննդի քանակը», - հավատացնում է հետազոտող Ռայան Էլդերը (Ryan Elder):

Գիտնականները երեք առանձին գիտափորձ են կատարել: Դրանցից մեկում գիտնականները համեմատել են, թե մարդիկ որքան են կերել բարձր երաժշտություն լսելով կամ հակառակը` լռության մեջ: 

Պարզվել է, որ երաժշտություն լսած խումբն ավելի շատ է օգտվել առաջարկված հյուրասիրությունից: Դրա ներկայացուցիչները  4 կրենդել են կերել, մինչդեռ  «լռության խումբը»` ընդամենը 2,75 կրենդել: Տարբերությունը փոքր է թվում, բայց եթե մարդը երկար ժամանակ սնվի առաջարկված ռեժիմով, արդյունքը կարող է գումարվել, կարծում են հետազոտողները: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Food Quality and Preference ամսագրում: