Վերջին 40 տարիներին որոշ արեւմտյան երկրներում սպիտակ հացի վաճառքը կրճատվել է 75 տոկոսով: Սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են լսել բժիշկների խորհուրդները այդ սննդամթերքի գործածումը սահմանափակելու անհրաժեշտության վերաբերյալ: Հայտնում են, որ այն առաջացնում է փքվածություն, ավելորդ քաշ ու մեծացնում շատ հիվանդությունների հավանականությունը:
Առողջության մասին հոգ տանող մարդիկ հիմա արդեն խանութներում հացի ավելի առողջ տարատեսակներ են ընտրում, օրինակ ամբողջական հատիկներից պատրաստվածները: Սակայն փորձագետները շեշտում են, որ նույնիսկ ավանդական հացահատիկային սպիտակ հացը բոլորովին էլ պետք չէ հրեշավոր մթերք ներկայացնել: Իրականում, այդ մթերքը կարելի է առողջարար ու օգտակար համարել:
«Հացը համարվում է սննդարար մթերք, որն ապահովում է մեզ ոչ միայն բջջանյութով, այլեւ կալցիումով, երկաթով, վիտամին B-ով ու սպիտակուցով,- ասում է Բրիտանական դիետոլոգների ասոցացիայի մամուլի քարտուղար Սյու Բեյքը,- Այդ հացի փոքր քանակությունն անգամ կալորիաների մեծ պաշար ունի ու դրա շնորհիվ է հագեցնում քաղցը: Սովորաբար մենք հացն ուտում ենք պանրով կամ մսով, եւ հենց դրանք են ավելորդ քաշի պատճառ դառնում»:
Նույնիսկ գլյուտենի նկատմամբ զգայուն մարդիկ կամ էլ ցելիակիայի զոհերը կարող են հաց ուտել՝ թեկուզ դրա գլյուտենազուրկ տարբերակները: «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչով է պայմանավորված սպիտակ հացի բացասական հեղինակությունը- ասում է Լոնդոնի Կայսերական քոլեջի նուտրիցիոնիստիկայի պրոֆեսոր Հերի Ֆրոսթը,- Էներգիայի մյուս սննդային աղբյուրների նման հացն էլ կարող է ավելացնել կշիռը, եթե այն չափից շատ ուտեք: Բայց ի տարբերություն մյուս մթերքների՝ հացը ճարպ քիչ է պարունակում: Հացը հիմնական սննդամթերքներից է, որը մարդկությունը արդեն հազարամյակներ շարունակ օգտագործում է»:






