Ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի միջոցով նիհարելու արդյունքում հնարավոր է ազատվել դիաբետից, պնդում են Նյուքասլի համալսարանի գիտնականները: Նրանց տվյալների համաձայն, դիաբետից տառապող մարդիկ, որոնք ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի շնորհիվ հաջողությամբ կորցնում են քաշը, ազատվում են իրենց վիճակից եւ երկար ժամանակով առողջ են մնում, չնայած այն բանին, որ դիաբետը, այդ թվում նաեւ` երկրորդ տեսակինը, խրոնիկական եւ անբուժելի հիվանդություն է համարվում:
Պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձում կուտակվող ճարպը, որն այդտեղից հեռացվում է ցածր կալորիականությամբ սննդակարգի միջոցով, հետագայում այլեւս չի խոչընդոտում, որ օրգանը նորմալ եղանակով ինսուլին արտադրի:
«Մենք ապացուցել ենք, որ դիաբետի զարգացումը հնարավոր է հետ շրջել, նույնիսկ եթե ավելի քան 10 տարի տառապում եք այդ հիվանդությունից,-հայտնել է հետազոտության հեղինակ, Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Ռոյ Թեյլորը: Դա շատ լավ լուր է դիաբետով միլիոնավոր հիվանդների համար, որոնք համակերպվել են իրենց անբուժելի լինելուն»:
Յուրաքանչյուր մարդ անհատական ցուցանիշ ունի այն բանի, թե քաշի ինչ ծավալ կարող է կրել իր մարմնում, առանց նյութափոխանակության պաթոլոգիական փոփոխությունների, որոնք դիաբետի են հանգեցնում: Հենց որ այդ նշաձողը բարձրանում է, օրգանիզմում երկրորդ տեսակի դիաբետ է սկսվում: Մինչեւ վերջերս ընդունված էր համարել, որ այդ հիվանդությունն անշրջելի է, բայց այժմ ապացուցված է, որ նիհարելը դիաբետով հիվանդներին հնարավորություն է տալիս լիովին առողջանալու:






