Մարտի 24-ին ԱՀԿ-ի նախաձեռնությամբ նշվում է տուբերլուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հենց այս օրը 1882 թվականին գերմանացի Ռոբերտ Կոխը հայտնաբերել էր տուբերկուլոզի հարուցիչը, որի համար 1905 թվականին Նոբելյան մրցանակի էր արժանացել:

1993 թվականին ԱՀԿ-ն տուբերկուլոզն ազգային աղետ էր անվանել. բանն այն է, որ տուբերկուլոզը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, եւ եթե հիվանդը պատշաճ բուժում չի ստանում, նա կարող է տարեկան մոտ 10-15 հոգու վարակել: Տարեկան, ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ տուբերկուլոզը տարեկան մոտ 1.6 միլիոն մարդու կյանք է խլում:

Տուբերլուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Միավորվենք՝ տուբերկուլոզը վերացնելու համար»:

Հայաստանում անցած 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները  բարելավվել են։ Հիվանդացության մակարդակը նվազել է գրեթե կիսով չափ, իսկ մահացության ցուցանիշը` երեք անգամ: 2014 թվականին տուբերկուլոզի հիվանդացության մակարդակը Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կազմել է 34,7, մահացության ցուցանիշը` յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով` 1,6: Արձանագրվել է նաեւ բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքերի նվազում։ 2014 թվականին Հայաստանում արձանագրվել դեղակայուն տուբերկուլոզի 92 նոր դեպք:

Տուբերկուլոզը բավականին ծանր, բայց լիովին բուժելի հիվանդություն է, հատկապես եթե ժամանակին սկսեն բուժումը: ինչպես է դրսեւորվում տուբերկուլոզը եւ որ ախտանիշների դեպքում է պետք բժշկի դիմել, կարդացեք այստեղ։