Վաթսունամյա Դեբորա Կրավենը Նյու Հեւընում Յեյլի հիվանդանոցին դատի է տվել սխալ կողի հատված հեռացնելու համար:
Կինը վիրահատության կարիք ուներ. ոսկրի նախաուռուցքային վնասվածքի պատճառով անհրաժեշտ էր հեռացնել ութերորդ կողի մի մասը: Սակայն բժիշկը սխալվել է եւ հեռացրել է յոթերորդ կողի մի մասը: Դրա հետեւանքով հիվանդը ստիպված է եղել կրկնակի վիրահատվել. վիրահատական երկրորդ միջամտությունը կատարվել է, որպեսզի այնուամենայնիվ հեռացվի անհրաժեշտ ոսկրի հատվածը:
Յեյլի համալսարանի բժիշկներն ու ներկայացուցիչները պնդում են, որ իրենք գիտակցել են իրենց սխալը եւ բոլոր ջանքերը ներդրել են սխալն ուղղելու համար: Այն, որ այլ կողի հատված է հեռացվել, բժիշկներն իմացել էին հետվիրահատական ռենտգենոգրաֆիայի անցկացումից հետո: Առանձին ասվում է, որ վիրահատությունից առաջ, հատուկ եղանակով նշվել էր այն կողը, որի մի մասն անհրաժեշտ էր հեռացնել:
Սակայն հիվանդի փաստաբանը պարզաբանում է, որ վիրաբույժ Ռիկարդո Կուարրին չի հայտնել կրկնակի վիրահատության իսկական պատճառը, այսինքն լռել է սխալի մասին: Նա ասել է, որ կրկնակի վիրահատությունը կապված է այն բանի հետ, որ առաջինի ընթացքում բժիշկներին չի հաջողվել բավարար քանակությամբ ոսկրային հյուսվածք հեռացնել:






