2016-ի մայիսի 15-ին Կազանում տեղի կունենա «Կազանյան մարաթոն – 2016: Ստուգիր քեզ» մարաթոնը, որը նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Մարաթոնին կմասնակցեն երգչուհի, հաղորդավարուհի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնեւան, երգիչ Ստաս Պյեխան եւ շատ այլ հայտնի անձինք:
Վերա Բրեժնեւան եւ Ստաս Պյեխան Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ համաժողովի ընթացքում պաշտոնապես հաստատել են իրենց մասնակցությունը մարաթոնին: Նախատեսված է, որ երգչուհին 10 կմ տարածություն կվազի: «Կազանյան մարաթոնի» ստենդի մոտ երգչուհուն հանձնել են «Ստուգիր քեզ: Test Yourself» հատուկ խմբի շապիկ եւ «ոսկե համար» 777:
Մարաթոնին իրենց մասնակցությունը հաստատել են նաեւ ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն, հայտնի ռեփեր Բաստան, պրոֆեսիոնալների շրջանում քիքբոքսինգի բազմակի չեմպիոն Բաթու Խասիկովը եւ շատ ուրիշներ:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում սոցիալական նախաձեռնության ղեկավար, մարաթոնի սոցիալական մասի պատասխանատու Անաստասիա Կունեցը նշել է, որ մարաթոնի հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը բեւեռել Ռուսաստանում ՄԻԱՎ-ի խնդրի վրա, օգնել այդ մասին տեղեկատվության տարածմանը, ինչպես նաեւ աջակցել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:
«Մենք ուզում ենք ուշադրություն հրավիրել Ռուսաստանում ՄԻԱՎ-ի խնդրի վրա: Մարաթոնին կմասնակցեն նաեւ ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ, որոնք կվազեն բաց դեմքերով, ինչպես նաեւ մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել այդ նախաձեռնությանը եւ ՄԻԱՎ ունեցող մարդկանց», - նշել է Անաստասիա Կունեցը:
Կազմակերպիչների կանխատեսումներով, մարաթոնին տարբեր երկրներից 10 000 մարդ կվազի: Մարաթոնյան 42,2 կմ հեռավորությանը զուգահեռ, տեղի կունենան վազքեր, որոնց ընթացքում կհաղթահարվեն այլ հեռավորություններ` կիսամարաթոնային (21,1 կմ), 10 կմ եւ 3 կմ ֆան-ռան:






