Առողջապահությունը չի կարող զարգանալ բիզնեսի մոդելով, այստեղ առավել եւս անընդունելի են մենաշնորհները: Անկասկած զարգացումն անհնար է առանց մասնավոր բժշկության, հատկապես եթե պետության միջոցները չեն հերիքում, սակայն պիտի հավասար մրցակցային պայմաններ երաշխավորվեն, իսկ պետպատվերը չպիտի օգտագործվի որպես «մերձավորներին» հավելյալ հնարավորություններ տրամադրելու միջոց:  Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ուրոլոգիայի պրոֆեսոր Ռուբեն Բորոյանը:

Բացի այդ, նրա խոսքով, պետք է հստակորեն սահմանել համալսարանական հիվանդանոցների գործառույթները. դրանք պիտի մատչելի կամ անվճար հիվանդանոցներ լինեն, որտեղ պիտի ուսումնառություն անցնեն ուսանողներն ու ռեզիդենտները` հիվանդների եւ կատարվող վիրահատությունների մեծ քանակի պայմաններում:  Այս չափազանց լուրջ հարցը չպետք է լուծվի բացառապես կլինիկաների տնօրենների հնարավորությունների եւ ցանկությունների  հաշվին. Այստեղ մեծ է պետության դերը: Մեզ մոտ այժմ ամեն ինչ խառնվել է իրար` պետական, մասնավոր, կրթական առողջապահությունը: Բժիշկները, պնդում է նա, պիտի բավականաչափ շահագրգռված լինեն, որպեսզի անընդհատ բարձրացնեն որակավորումը, իսկ օրվա հացը թույլ դրդապատճառ է:  Այո, դրա համար փող է անհրաժեշտ, եւ այսօր Հայաստան պետությունը, արտաքին մարտահրավերներով եւ ներքին իրավիճակով պայմանավորված, նման միջոցներ չունի, համաձայնում է Ռուբեն Բորոյանը, բայց նման պայմաններում պետությունը կարող է հակաճգնաժամային միջոցներ ձեռք առնել:  

Նախ` եթե պետությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, պետության ներսում ամբողջ կյանքը պիտի ենթակա լինի այդ մատահրավերներին: Տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում` առողջապահության ոլորտում միջոցների բաշխումը պիտի վերանայվի ըստ արդյունավետության. եթե պետք է գոտիները ձգել, բոլորը պիտի ձգեն: Ընդ որում, ազգի առողջությունը պիտի լինի ազգային առնվազն առաջին երեք առաջնահերթություններից:

«Եթե մարտահրավերների մեծ քանակի պատճառով մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ պետությունը փող չունի առողջապահության զարգացման համար, չի կարելի այդ փողը հանել առանց այն էլ անվճարունակ բնակչության գրպաններից: Բոլորը հասկանում են դա», - ասում է նա:

Երկրորդ բանը, որ պետք է անել, առողջապահության համակարգի համար լրացուցիչ ֆինանսավորման,  մասնավորապես` արտաքին ներդրումների ներգրավման ինստիտուտներ ստեղծելն է: Դրանք, Բորոյանի խոսքով, կարող են լինել առողջապահության զարգացման հիմնադրամներ, որոնց, ասենք, տեղացի գործարարները եւ դրսի ներդրողները կարող են գումարներ փոխանցել որոշակի հարկային արտոնությունների դիմաց: Հիմնադրամը պիտի որոշի, թե ինչպես ծախսի այդ միջոցները` բնակչության համար ապահովագրական պոլիսներ գնի, դրանք ներդնի նորարարության մեջ եւ այլն:  «Սրանք տնտեսական բարդ սխեմաներ են, որոնց մշակումը լիովին մեր տնտեսագետների կարողությունների սահմաններում է: Ես չեմ կարող հստակորեն նկարագրել, թե դա ինչպես կարող է լինել, բայց դա պիտի լինի», - ասում է նա:

Բժշկական ապահովագրությունը, նրա կարծիքով, բուժծառայությունների դիմաց վճարման ստուգված եւ քաղաքակիրթ միջոց է:  «Նույն Ռուսաստանը, որից մենք, չգիտես ինչու, փոխառում ենք ամեն վատը, դեռեւս 90-ականների վերջին պարտադիր բժշկական ապահովագրություն է ներմուծել եւ դրանով գլոբալ առումով լուծել է խնդիրը», - ասում է նա: Հայաստանում բժշկական ապահովագրության հարցը բազմաթիվ հարցերի է բախվում. մարդիկ պիտի պաշտոնապես գրանցված աշխատողներ լինեն, պետք է որոշել, թե ով (պետությունը, գործատուն, աշխատողը) եւ ինչքան է վճարում ապահովագրության համար: Բայց այն, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել, միանշանակ է, կարծում է Բորոյանը: Նրա խոսքով, կարելի է կիրառել նաեւ Վրաստանի փորձը: Բնակչությանը տրված հավաստագրերի շնորհիվ Վրաստանում այսօր առողջապահությունն ակտիվորեն զարգանում է:  

Ռուբեն Բորոյանի խոսքով, պետք է հատուկ ուշադրություն հատկացնել նաեւ շրջանային բժշկական կենտրոններին: Հայաստանի շատ շրջաններում այսօր լավ զինված բժշկական կենտրոններ են բացված, բայց դրանք աշխատում են իրենց հզորության  20-30 տոկոսով: Այդ հարցը լուծելու համար պետք է հետաքրքրել երիտասարդ բժիշկների, նրանց պետք է շահագրգռել, նրանց համար պիտի շահավետ եւ հարմարավետ լինի իրենց կյանքի մի քանի տարին շրջանում անցկացնելը, կարծում է պրոֆեսորը: 

«Այն երկրներում, որտեղ կանոնակարգված է բժշկական ծառայությունների վճարման համակարգը, նոր տեխնոլոգիաներն անհամեմատ ավելի արագ են ներդրվում եւ կատարվում է բուժանձնակազմի ուսուցում,- ասում է նա, – Բժշկական ծառայությունների դիմաց ճիշտ կազմակերպված վճարումների շնորհիվ մեծանում են նաեւ բժշկության մեջ ներդրումները, այդ թվում նաեւ`  ախտորոշման եւ բուժման նորարական մեթոդների մշակումը, ինչն այսօր տեսնում ենք  ոչ միայն արեւմտյան գերզարգացած երկրներում, այլեւ մեր հարեւան Վրաստանում»:

Ռուբեն Բորոյանը նշում է, որ Արեւմուտքն աշխարհից տարբերող հզորության գլխավոր աղբյուրները 6 բացառիկ գործիքներն են` մրցակցությունը, գիտությունը, գույքային սեփականությունը, ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ, սպառողական հասարակությունը, աշխատանքի էթիկան: Ինչպես տեսնում ենք, բժշկությունն այստեղ իր արժանի տեղն է զբաղեցնում: Հայաստանը պիտի փոխառի այս բոլոր ինստիտուտները, հակառակ դեպքում մենք կինքնամեկուսանանք: