Այսօր, Ծիծաղի օրը, NEWS.am Medicine-ը ներկայացնում է բժիշկ օրթոպեդ Հակոբ Հովհաննիսյանի զավեշտալի պատմությունները.  

Սանիտարուհին եւ նրա հարեւան Վարդուշը

Դեռեւս ուսանողական տարիներին Հակոբ Հովհաննիսյանը գիշերային հերթապահության էր Ութերորդ հիվանդանոցում: Դա 1990-ին էր: «Ես էի, ընկերս եւ մի բուժքույր: Մեկը մի կանիստր գինի էր բերել: Նստած խմում էինք: Լավ էինք խմում: Հանկարծ շտապօգնությունը եկավ, դիակ էին բերել: Տարեց կինը մահացել էր ավտոմեքենայի վրաերթից, անձը անհայտ էր, փաստաթուղթ չուներ: Մենք ոստիկանությանը հայտնեցինք, սայլակը դրեցինք պատի տակ` ընդունարանում: Շարունակեցինք խմել,-պատմում է բժիշկն ու անմիջապես հավելում է. Սա սրբապղծություն չէ: Հերթապահ մարդիկ էինք, խմում էինք»։ Ինչ-որ պահի երիտասարդ տղայի բերեցին ջարդված քթով:  «Նրան ուղարկեցինք դիմածնոտային, շարունակեցինք խմել», - շարունակում է պատմել Հակոբ Հովհաննիսյանը:

Դատախազությունից մարդիկ եկան, գրանցեցին դեպքը, հեռացան: «Որոշ ժամանակ անց գալիս է… Բոլոր հիվանդանոցներում էդպիսի մի սանիտարուհի է լինում` սեւ, սարսափելի, կաղ, բայց երեւակայում է, թե ինքն է որ կա: Այդ սանիտարուհին եկավ, տեսավ մեռած կնոջն ու բղավեց.  «Վայ, մեր հարեւան Վարդուշն է»: Ասում ենք` ճի՞շտ, չե՞ս սխալվում: Չէ, ասում է, վերարկուն, պայուսակը, հաստատ ինքն է»: Պայմանավորվեցինք, որ սանիտարուհին կզանգի ամուսնուն, նա էլ կգնա հարեւանների մոտ եւ կփորձի նրբորեն ընտանիքի անդամներին պատմել, որ Վարդուշը մեքենայի տակ է ընկել եւ մահացել է: Այդպես էլ արեցինք: Որոշ ժամանակից   սանիտարուհու ամուսինը հետ զանգեց, մի 15 րոպե հեռախոսափողում հայհոյանք էր լսվում: Պարզվեց, նա գնացել է հարեւանների մոտ, իսկ Վարդուշը ողջ-առողջ նստած է եղել տանը: 

Վիրահատարանի ցածր դուռը

Մի անգամ Պրոկտոլոգիայի ինստիտուտի ձեռքբերումից հետո Լուիս Սիմոն Մանուկյանն շրջում էր հիվանդանոցում այն ժամանակվա տնօրեն Գագիկ Ստամբոլցյանի հետ։ Նա ուսումնասիրում էր, թե ինչն է պետք վերանորոգել եւ արդիականացնել: «Նա Ստամբոլցյանին ասում էր. սա է պետք անել, նա է պետք անել, իսկ ես այդ ժամանակ վիրահատարանում էի: Վիրահատարանի դռները ցածր էին եւ երբ դուրս էի գալիս, բնականաբար կռացա», - պատմում է բժիշկը, որի հասակը, իր իսկ պատկերավոր խոսքով, երկուսից հինգ է պակաս: Լուիս Մանուկյանը նայել է Հակոբ Հովհաննիսյանին, հետո` Գագիկ Ստամբոլցյանին. «Գագիկ, այս բոլոր դռները պետք է փոխել»: Իսկ Ստամբոլցյանը հետո անընդհատ ասում էր. «Ինչո՞ւ այդ պահին դուրս եկար»: