Նախկինում ընդունված էր դպրոցներում երեխաներին սովորեցնել՝ գրելիս ինչպես ճիշտ նստել սեղանի մոտ: Այսօր արդեն ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում՝ չնայած սխալ կեցվածքը կարող է ողնաշարի մի շարք խնդիրների եւ հիվանդությունների պատճառ դառնալ:

Ինչպե՞ս ճիշտ նստել սեղանի մոտ գրելու ժամանակ: Վտանգավո՞ր է առաջ կամ կողքի թեքված նստելը: Այս հարցերին NEWS.am Medicine-ին պատասխանեց կինեզոթերապեւտ, ռեաբիլիտոլոգ եւ անձնական մարզիչ Սպարտակ Դովլաթբեկյանը:

Կինեզոթերապեւտը նշեց, որ գրելիս պետք է արմունկները սեղանի վրա պահել: Ուստի շատ կարեւոր է, որպեսզի աթոռը ճիշտ բարձրության լինի, եւ արմունկները ներքեւ չկախվեն կամ օդում չմնան: Եթե աթոռը չափազանց ցածր կամ չափազանց բարձր լինի, դա ավելորդ լարվածություն կստեղծի մեջքի համար, ինչը կարող է ողնաշարի տարբեր տեսակի կորությունների պատճառ դառնալ:

Գրելու ժամանակ մեջքը պետք է ուղիղ լինի, ավելի լավ է՝ գլուխն առաջ կամ կողքի չթեքել:

«Թեքվելը կամ կողքի «պառկելը» ճիշտ չէ: Պետք է ուղիղ նստել, որպեսզի սկոլիոզ կամ ողնաշարի ծռություն չառաջանա»,- ասաց Սպարտակ Դովլաթբեկյանը:

Առավել մանրամասն այն մասին, թե ինչպես պետք է գրելու ժամանակ նստել սեղանի մոտ, կարելի է իմանալ տեսանյութից: