Մեծ Բրիտանիայում գլխուղեղի 10 բանկ է աշխատում, որտեղ պահվում են տարբեր հիվանդություններով, օրինակ` ձեռքբերովի թուլամտությամբ տառապած մարդկանց հյուսվածքները: Բանկերը ոչ միայն պահում են իրենց նվիրաբերված նմուշները, այլեւ այլ երկրների հետ փոխանակում են դրանք, ինչպես նաեւ մի շարք գիտական հետազոտություններ են կատարում:
Վերջին նվիրատվություններից մեկը 89-ամյա Անժելա Կառլսոնի գլխուղեղն է, որն իր մարմինը մահից հետո ժառանգել է բժիշկներին` բժշկական հետազոտությունների անցկացման համար: Կինը տառապել է ձեռքբերովի թուլամտությամբ եւ պարանոյայով. կյանքի վերջին տարիներին նա վախենում էր, թե հանցագործները կներխուժեն իր բնակարան: Իրեն անվտանգ զգալու համար տիկին Կառլսոնը իր անկողնու տակ տարբեր զենք էր պահում, այդ թվում նաեւ` աֆրիկյան ասսեգայ նիզակ:
Պրոֆեսոր Սեթ Լավը, որը ղեկավարում է գլխուղեղի բանկերի բրիտանական ցանցը, նշում է, որ տարբեր հիվանդություններով տառապած մարդկանց գլխուղեղի հյուսվածքների վրա հետազոտություններ անցկացնելու հնարավորությունը շատ կարեւոր է: Հյուսվածքների մանրադիտակային հետազոտությունն անհամեմատ ավելի շատ տեղեկություններ է տալիս:
Գլխուղեղի առաջին բանկերը Մեծ Բրիտանիայում հայտնվել են 1950-ական թվականներին: Այդ ժամանակ հյուսվածքները պահվում էին ֆորմալինում: Իսկ այժմ ֆիքսացիայի այդ մեթոդն օգտագործվում է գլխուղեղի սոսկ կեսի համար, մյուսը սառեցվում է -80 աստիճանի պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նմուշները ապասառեցնում են եւ գենետիկ եւ կենսաքիմիական հետազոտություններ են անցկացնում: Երկրում այժմ արշավ է իրականացվում, որի ընթացքում բրիտանացիներին կոչ են անում մահից հետո իրենց գլխուղեղը ժառանգել նման բանկերին:





