«Նաիրի» բժշկական կենտրոնում երիտասարդ կնոջ ձվարանները հեռացնում են լապարասկոպիկ եղանակով։ Նրա մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, եւ հիմա բժիշկները պայքարում են նրա արգանդը պահպանելու համար։ Վիրահատությունից առաջ կինը ձվաբջիջներ է սառեցրել, եւ եթե ամեն բան բարեհաջող ավարտվի, նա կկարողանա ոչ միայն մոռանալ քաղցկեղի մասին, այլեւ հղիանալ արտամարմնային բեղմնավորման օգնությամբ։
«Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունում նման մոտեցումը նորմ է. պայքարել ոչ միայն կյանքի, այլեւ կյանքի առավելագույն հնարավոր որակի համար, առավել եւս, որ վերջին զարգացումներն ուռուցքաբանության ոլորտում նման հնարավորություն ընձեռում են։ Վերջին 15-20 տարում այս ոլորտում, ինչպես ասում է ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը, տեղի է ունեցել աստիճանական հեղափոխություն, որը կոտրել է քաղցկեղի մասին կարծրատիպային պատկերացումները։ Իսկ Արտեմ Ստեփանյանն ու նրա թիմը ձգտում են Հայաստանում ներդնել օնկոգինեկոլոգիայի վերջին բոլոր ձեռքբերումները։
Նրա խոսքով, շատ ուռուցքներ այսօր վիրահատում են առանց կտրվածքի, լապարասկոպիկ եղանակով։ Ընդունված է, որ արգանդի քաղցկեղի դեպքում պետք է անել մեծ կտրվածք, արգանդը եւ հարակից ավշային հանգույցները։ «Եվ հետո ստանում ես պատասխան, որ քո հեռացրած 50 ավշային հանգույցից ոչ մեկի մեջ հիվանդություն չի եղել, եւ քեզ հարց ես տալիս, եթե այնտեղ բան չկար, արժե՞ր այդ բոլորը հեռացնել», – ասում է Արտեմ Ստեփանյանը՝ նշելով, որ այդ հարցին լուծում կա, եւ այն ներդրվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Դա Sentinel Lymph Node կոչվող մեթոդն է, երբ ուռուցքի մեջ ներարկվում է indocyanine green հատուկ նյութը, եւ արդյունքում այն ավշային հանգույցները, որոնք կարող են պոտենցիալ ախտահարված լինել, սկսում են լույս տալ։ Եվ բժիշկը հեռացնում է այդ ավշահանգույցները, չվնասելով առողջ հյուսվածքը։
Արտեմ Ստեփանյանի խոսքով, արդյունքում երբ համեմատում ես երկու պացիենտի՝ մեկը դասական եղանակով վիրահատված, մյուսը՝ նոր մեթոդով, ապա տեսնում ես, որ երկրորդ դեպքում վիրահատությունն ավելի արդյունավետ էր, իսկ պացիենտն արդեն երկրորդ օրը տուն է գնում, եւ բժիշկը նրա հետ որպես վիրաբուժական պացիենտ այլեւս չի շփվում։
«Ձվարանի քաղցկեղի դեպքում մենք անում ենք բարդագույն եւ ծանրագույն վիրահատություններ, որոնց արդյունքում հաջողվում է քաղցկեղի բոլոր օջախները հեռացնել որովայնի խոռոչից, եւ այդ պացիենտները շատ ավելի բարձր շանս են ունենում ավելի երկար ապրելու», – ասում է բժիշկը։
Բայց վիրաբուժությունը քաղցկեղի բուժման մի մասն է։ Ուռուցքաբանի հիմնական նպատակը պարզապես ուռուցքը հեռացնելը չէ, այլ քաղցկեղը բուժելը։ Ուռուցքաբանության մեջ այսօր կիրառվում են գենային մուտացիայի իմացության վրա հիմնված բուժման նորագույն մեթոդներ, որոնք ուռուցքի վրա ազդում են պրեցիզիոն ձեւով։
Արտեմ Ստեփանյանը նշում է, որ այսօր բուժման մեջ հիմնվում են ոչ այնքան քաղցկեղի փուլի վրա, որքան՝ մոլեկուլյար տիպի։ Ձվարանի, կամ կրծքագեղձի չարորակ ուռուցքները կարող են լինել շատ տարբեր տիպի, եւ դրանց բուժումը շատ տարբեր է։ Մի մասը զգայուն է քիմիաթերապիայի, մյուսը՝ մոնոկլոնալ հակամարմինների, երրորդը՝ իմունոթերապիայի հանդեպ։
«Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը ստեղծվել է 10 տարի առաջ, Հայաստանի համար խորհրդանշական սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը։ Ծառայությունն աշխատանքը զարգացրել է այն ըմբռնմամբ, որ քաղցկեղի բուժման համար միջդիսցիպլինար մոտեցում է հարկավոր։
«Մեր սկզբունքը ոչ թե այնպես է, որ մենք պացիենտին ուղարկում ենք այստեղից այնտեղ. Ես վիրաբույժ եմ, ես քեզ վիրահատեցի, գնա քիմիաթերապիայի, հետո գնա ճառագայթի, հետո այս անալիզը վերցրու տար այս լաբորատորիա... Այլ պացիենտը կենտրոնում է, դա կոչվում է patient oriented medicine՝ պացիենտակենտրոն բժշկություն, որտեղ ինքը կենտրոնում է, եւ ամբողջ թիմը իր շուրջն աշխատում է», – ասում է Արտեմ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ժամանակակից մոտեցման պարագայում նաեւ շատ կարեւոր է, որպեսզի ուռուցքաբանական ծառայությունը գործի բազմապրոֆիլ բուժհաստատությունում, ինչպիսին է «Նաիրի» ԲԿ-ն։ Դա մեծ առավելություն է տալիս, քանի որ քաղցկեղ ունեցող հիվանդները, որպես կանոն, ունենում են ուղեկցող հիանդություններ, որոնք նույնպես պետք է բուժել։
Նման մոտեցման շնորհիվ «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում, որն ունի ESGO–ի՝ Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ընկերության վկայական, իսկ Արտեմ Ստեփանյանը կազմակերպության Խորհրդի անդամներից մեկն է։ Ավելին, թիմն ակտիվորեն համագործակցում է ESGO-ի հետ բժշկական ուղեցույցների եւ օնկոգինեկոլոգիայի դասագրքերի ստեղծման հարցում։





