Արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը կարող են մեծ դեր խաղալ նոր դեղամիջոցների ստեղծման գործում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ կոնգրեսի հատուկ բանախոս, Flagship Pioneering-ի գլխավոր գործընկեր Ավագ Գահվեջյանը:
Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիաները կարող են նկատելիորեն արագացնել նոր դեղերի հայտնագործման գործընթացը: Եթե լինեն թվայնացված տվյալներ՝ մարդու մարմնի, դրա աշխատանքի եւ այլ բաների մասին, արհեստական բանականությունը կարող է «կրթվել» դրանց հիման վրա, ինչպես հայտնի ChatGPT չատբոտն է սովորել բազմաթիվ կայքերից ստացված ինֆորմացիայի հիման վրա: Վերլուծելով շատ մեծ թվով տվյալներ՝ արհեստական բանականությունը կարող է օգնել գտնելու նյութեր, որոնք արդյունավետ կլինեն այս կամ այն հիվանդության դեպքում:
Մյուս կողմից, մասնագետի խոսքով, կենսաբանության ոլորտում նման աշխատանքը շատ ավելի բարդ է եւ շատ ավելի մեծ ջանքեր է պահանջելու:
Գահվեջյանի խոսքով, նոր դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր ստեղծելու վրա ծախսվող ժամանակը արդեն նկատելիորեն կարճանում է: Վառ օրինակ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Վիրուսի ԴՆԹ-ի սեկվենավորումից արդեն երկու օր հետո հնարավոր էր պատվաստանյութի առաջին նմուշը ստեղծել։ Իհարկե, այն դեռ պետք է փորձարկումներ անցներ, բայց բուն նյութի հայտնաբերումը բավական արագ էր: Ավելին, նույնիսկ փորձարկումների գործընթացը հնարավոր է արագացնել նոր տեխնոլոգիաների օգնությամբ. նրանք կօգնեն նախօրոք պարզել, թե որ դեղերը նորմալ կընդունվեն հիվանդների օրգանիզմների կողմից, իսկ որոնք՝ ոչ:
Մասնագետը նշեց նաեւ, որ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները ի սկզբանե սկսեցին կիրառվել հազվագյուտ հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցներ գտնելու համար: Սակայն հիմա դրանց կիրառման ոլորտներն ընդլայնվում են. ժամանակակից տեխնոլոգիաներն սկսում են կիրառվել քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար, իսկ ապագայում դրանք կկիրառվեն նաեւ շատ հաճախ հանդիպող հիվանդությունների դեպքում, օրինակ, սրտի հիվանդությունների։
Ավագ Գահվեջյանը Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի առաջին օրը ելույթ է ունեցել «Առաջատար ծրագրավորվող դեղամիջոցներ» (Pioneering Programmable Medicines) թեմայով:





