«Նաիրի» բժշկական կենտրոնում բացվել է սրտանոթային ինտերվենցիոն նոր կենտրոն՝ հագեցած Siemens ընկերության վերջին սերնդի Artis Genio անգիոգրաֆիկ համակարգով։ Սարքը, որը դեռևս հասանելի չէ նույնիսկ Եվրոպայի հիվանդանոցներում, եզակի է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։
Արհեստական բանականությամբ համալրված համակարգը հնարավորություն է տալիս ավելի փոքր ճառագայթային բեռնվածությամբ ստանալ բարձրորակ պատկերներ, բարձրացնել ախտորոշման ճշգրտությունն ու արագությունը և իրականացնել բարդ միջամտություններ։
Կենտրոնում կիրականացվեն ոչ միայն սրտի կորոնար անոթների հետազոտություններ և միջամտություններ, այլև գլխուղեղի, աորտայի և դրա ճյուղերի, ծայրամասային զարկերակների անոթային միջամտություններ, էմբոլիզացիաներ և առիթմոլոգիական ինտերվենցիոն միջամտություններ։
Կենտրոնը պաշտոնապես ճանաչվել է Artis Genio համակարգի տարածաշրջանային ռեֆերենս կենտրոն։ Նոր ծառայությունը կարող է նաև նպաստել բժշկական տուրիզմի զարգացմանը՝ տարածաշրջանի պացիենտներին Հայաստանում ժամանակակից և համեմատաբար մատչելի բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։
Հաջորդ տարվանից կենտրոնում մատուցվող ինտերվենցիոն ծառայությունները հասանելի կլինեն նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։
Մանրամասները՝ ռեպորտաժում։









