Լեյն Բրայանթ ընկերությունը ներքնաշորերի նոր հավաքածու է արտադրել Cacique Intimates անվանումով, որի կարգախոսն է «Սեքսուալությունը տարբեր չափերի ու ձեւերի կարող է լինել»: Այս կարգախոսի իմաստը մարդկանց բացատրելու համար ընկերությունը նոր մարքեթինգային արշավ է սկսել՝ #ImNoAngel («ես հրեշտակ չեմ»), որին մասնակցում են plus size մոդելները:
Ընկերության տնօրեն Լինդա Հեզլի խոսքով՝ իրենց ընկերությունը ձգտում է մարդկանց հասցնել այն միտքը, որ գեղեցիկ լինելու համար բացարձակապես կարիք չկա զրոյական համար կրելու:
Նոր հավաքածուի գովազդում նկարահանվել են Էշլի Գրեմը (Ashley Graham, որը վերջերս գրավել է հանրության ուշադրությունը Sports Illustrated ամսագրում հայտնվելով), Մարկիտա Պրինգը (Marquita Pring), Քենդիս Հաֆֆինը (Candice Huffine), Վիկտորիա Լին (Victoria Lee), Ջաստին Լեգոլտը (Justine Legault) եւ Էլլի Մեյդեյը (Elly Mayday):
Հիշեցնենք, որ, ինչպես նշում են մասնագետները, գեր լինել չի նշանակում լինել վատառողջ, քանի որ նիհար կազմվածքը եւս չի խոսում ամուր առողջության մասին, նույնիսկ հակառակը, հարյուրավոր աղջիկներ մահանում են ամեն տարի անորեքսիայի եւ սննդակարգային խնդիրների պատճառով՝ ցանկանալով նմանվել մոդելներին: Այս ամենի լույսի ներքո Ֆրանսիայում փորձում են նիհար կանանց արգելել պոդիում դուրս գալ: Իսկ Լեյն Բրայանթ ընկերությունը իր հերթին ձգտում է եւս մեկ անգամ հիշեցնել կանանց, որ պետք է սիրել սեփական մարմինը եւ ընդունել այն այնպիսին, ինչպիսին կա:





