«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի ընդունարանում մեծ կուտակում է՝ երեխաներին բերում են մայրաքաղաքի տարբեր ծայրերից եւ մոտակա մարզերից: Հերթապահն ընդհանուր մանկաբուժության բաժնի վարիչ Զոհրաբ Խանիկյանցն է: Երեխաները՝ մեկը մեկից փոքր են, եւ բոլորի մոտ սուր շնչառական վարակի ախտանշաններ են, երկու բալիկի հոսպիտալացնում են, եւս մեկ երեխայի աղիքային վարակի կասկածով ուղարկում են սուր վարակիչ հիվանդանոց:
«Մեկ ժամվա ընթացքում դուք տեսաք տասնյակ երեխաներ: Այստեղ եկած երեխաները լիարժեք չեն բուժվել պոլիկլինիկայում: Ես ուղղակի փաստն եմ արձանագրում», - ասում է բժիշկը՝ զննելով հերթական երեխային:
«Թեյ, թեյ, թեյ, խնձորի եւ սերկեւիլի կոմպոտ, գազը թողած հանքային ջուր, օրական մոտավորապես 1-1.5 լիտր հեղուկ: Խանութի հյութեր չտալ ոչ մի դեպքում՝ դրանք բոլորը թույն են», - ուղղորդում է նա ծնողներին, նշելով, որ նույնիսկ երբ երեխան առողջ է, այս հյութերը չի կարելի տալ: Ի պատասխան իմ դիտարկմանը, որ հյութերը մակնշված են որպես բնական, բժիշկը պարզաբանում է, որ չի կարող 500 դրամանոց հյութը բնական լինել: «Լրիվ էսենցիա է»:
«Լեզուն փառակալած է, կոկորդը՝ կարմիր, անգինա է, բայց տոքսիկոզ առայժմ չունի», - շարունակում է նա երեխայի զննումը, այնուհետեւ ուղարկում նրան ԼՕՌ մասնագետի մոտ։
Ընդմիջմանը մենք շարունակում ենք զրույցը։ «Այժմ շնչառական վարակների սեզոնային սրացում է, որը մրսածության հետ է կապված, կամ էլ, մանկապարտեզների՝ աշխատող մայրիկները հիվանդ բալիկներին մանկապարտեզ են տանում, եւ հիվանդության տարածման հավանականությունը աճում է, - պարզաբանում է նա, - ընդ որում, հիվանդությունները հիմնականում ընթանում են սրացումներով»։ Դասական դեպքերում, ըստ մանկաբույժի, բուժումը ստանդարտ է՝ շատ քանակությամբ հեղուկ, քթի կաթիլներ, C վիտամին, այդքանից հետո հիվանդությունը պետք է նահանջի, բայց շատ հաճախ սրացումներ են լինում։
«Սրացումները հիմնականում կապված են տոքսիկ վիճակների հետ՝ երեխաները հրաժարվում են ուտել, խմել։ Սկզբից երեխաները դյուրագրգիռ են դառնում, հետո հետզհետե թուլանում են, աչքերի տակ կապույտ է լինում, շրթունքները չորանում են, լեզվի վրա փառ է առաջանում, սրտի աշխատանքն ու շնչառությունը արագանում են, միզարձակությունն է վատանում. մեզի քանակը պակասում է իսկ գույնը մգանում է։ Լինում է ջրիկ կղանք, հատկապես ռոտովիրուսային հիվանդությունների ժամանակ, կամ լինում է փորկապություն, որը բարձր ջերմությամբ է պայմանավորված։ Այս բոլորը ուղիղ ցուցումներ են ստացիոնար դիմելու համար», - նշում է բժիշկ Խանիկյանցը։ «Վիրուսները շատ են, մի գուցե մի 200 հատ, բայց մենք դրանք չենք զանազանում։ Մենք միայն ուշադրություն ենք դարձնում հիվանդության ընթացքին, կա տոքսիկոզ թե ոչ։ Եթե տոքսիկոզ չկա, ապա բուժումը իրականացվում է տնային պայմաններում», - ասում է նա։
Եթե տանը հիվանդ կա, երեխային անպայման պետք է մեկուսացնել, որպեսզի նա չվարակվի, խորհուրդ է տալիս բժիշկը։ «Կամ գոնե քթանցքերի վրա օքսոլինի քսուք է պետք քսել, լավ օգնում է։ Կան հակավիրուսային դեղամիջոցներ, օրինակ, գրիպֆերոն-ինտերֆերոն, որը ես շատ հարգում եմ։ Այն նշանակվում է որպես կանխարգելիչ միջոց, երբ հիվանդի հետ շփում կա, կամ հիվանդության առաջին երկու օրը, դրանից հետո այն արդեն անօգուտ է», - ասում է նա։ Ըստ բժիշկ Խանիկյանցի, ջերմությունը երեխաների մոտ կարող է լինել երկու տեսակի՝ մի դեպքում երեխաների գույնը վարդագույն է լինում, իսկ մյուս դեպքում նրանք լինում են դժգունած։ «Այ, երբ երեխան վարդագույն է, այդ դեպքում ջերմիջեցնող դեղերը լավ օգնում են։ Երեխաներին նշանակում են նուրոֆեն (իբուպրոֆեն) եւ պարացետամոլ», - ասում է նա, նշելով, որ Արեւմուտքում վաղուց հրաժարվել են անալգինից, բայց մենք այն դեռեւս օգտագործում ենք։ «Բայց եթե երեխայի մոտ սպիտակ հիպերթերմիա է, այսինքն, երբ երեխան տոքսիկ վիճակում է, եւ ջերմությունը 39-ից բարձր է՝ դա կոչվում է կայուն ֆիբրիլ ջերմություն, ու դրան գումարած նրա վերջույթները սառչում են, ապա այդ դեպքում, հավաստիացնում եմ ձեզ, ջերմիջեցնողները չեն օգնի, այդ դեպքում երեխային պետք է շտապ հոսպիտալացնել», - զգուշացնում է մանկաբույժը, ավելացնելով, որ հիվանդությունների զանազանման մեջ մեծ դեր ունի առաջնային բուժծառայությունը՝ պոլիկլինիկան։
«Երբ ջերմությունը բարձրանում է, մի կողմից դա բարենպաստ նշանակություն ունի, քանի որ օրգանիզմը պայքարում է վիրուսի դեմ։ Բայց երբ ջերմությունը կայուն բնույթ է ստանում, ջերմիջեցնող դեղերին չի ենթարկվում, իսկ երեխան թույլ է ու սմքած՝ նա արդեն ստացիոնար հիվանդ է», - ասում է նա։ Բժիշկը զգուշանում է, որ երեխան կարող է շատ արագ ջրազրկվել, ընդ որում, ինչպես տեսանելի կերպով՝ փսխում, լուծ, այնպես են էլ աննկատ, ուղղակի բարձր ջերմության պատճառով։ Եթե երեխան չի փսխում, նրան պետք է շատ խմացնել, եթե փսխում է, ուրեմն կաթիլայինի անհրաժեշտություն կա։ Բարձր ջերմության ժամանակ երեխան կարող է նաեւ փորկապություն ունենալ. «Հիվանդության պիկի ժամանակ բոլոր անոթները կծկվում են, այդ թվում նաեւ աղիների, ինչն էլ հանգեցնում է փորկապության։ Իսկ դա իր հերթին նպաստում է հիվանդության հետագա զարգացմանը։ Ուրեմն, պետք է կղազատում անել։ Ամենահեշտ ձեւը գլիցերինե մոմիկներն են, ամենավերջին կիրառվող մեթոդը՝ հոգնան։ Մենք աշխատում ենք հոգնա անել ծայրահեղ դեպքերում, քանի որ դա տհաճ գործողություն է երեխաների համար»։
«Լուծի դեպքում, որը հաճախ է ուղեկցում ռոտովիրուսային վարակներին, չի կարելի հակաբիոտիկներ տալ, քանի որ հակաբիոտիկների այդ վարակների վրա չեն ազդում, եւ դրանով կարելի է միայն վնասել երեխային», - ասում է նա, իսկ լեւոմիցետինի մասին իմ հարցին կտրականապես առարկում է. «Մոռացեք լեւոմիցետինը։ Բացառվում է լեւոմիցետինը։ Հատկապես, վաղ տարիքի երեխաների համար։ Այն կարող է մոխրագույն մարդու՝ Գրեյի համախտանիշ առաջացնել։ Առհասարակ լուծի ժամանակ հակաբիոտիկ շատ քիչ է պետք տալ»։
Հաջորդ հիվանդը. Բժիշկն էլի կրկնում է. «Թեյ, թեյ, թեյ, խնձորի ու սերկեւիլի կոմպոտ։ Խանութի հյութերը՝ ոչ մի դեպքում։ Գազը թողած «Ջերմուկ»։ երեխան պետք է խմի օրական 1.5-2 լիտր հեղուկ։ Ժողովրդական միջոցներից բոլոր խոտաբույսով թեյերն էլ լավ են՝ անանուխով, ուրցով, որը խորխաբեր հատկություն ունի։ Եթե ջերմությունը 37-ից 38-ի սահմանում է, իջեցնել պետք չէ։ Եթե 38.2 բարձր է ու երկար տեւական – նուրոֆեն տվեք»։ Բժիշկը այս երեխային նաեւ Լինեքս-ֆորտե է նշանակում։
Շարունակում ենք զրույցը։ Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ լուծ է։ «Նախ պետք է որոշել, այդ լուծը բուժում պահանջում է, թե ոչ։ Ասենք, ատամ հանելու ժամանակ երեխաների կղանքը կարող է ջրիկանալ։ Լուծը կարող է լինել նաեւ վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Այդ դեպքերում խորհուրդ է տրվում շատ հեղուկ խմացնել ու դիետա պահել։ «Սմեկտա» ենք մենք հաճախ խորհուրդ տալիս, որը շլակներն է զտում եւ դուրս բերում։ Նշանակում ենք նաեւ պրոբիոտիկներ եւ պրեբիոտիկներ, ինչպես օրինակ Լինեքս-ֆորտեն։Այս դեղը մենք անպայման նշանակում ենք նաեւ հակաբիոտիկների հետ միասին», - ասում է նա։
Հաջորդ հիվանդը։ «Մինչեւ ութ ամսական ոչ մի դեպքում «Նարինե» չտաք», - ուսուցանում է բժիշկը, իսկ իմ զարմացած բացականչությանը, թե «Նարինեն» առաջ երեխաներին տալիս էին որպես կեր, պարզաբանում է. «Աղիքային հիվանդությունների ժամանակ սովետական բժշկությունը թույլատրում էր բոլոր տիպի կաթնաթթվային մթերքները, այդ թվում եւ «Նարինեն»։ Իսկ Արեւմուտքում խորհուրդ չէր տրվում։ Այնտեղ մի հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել, որ երկու ամիս միայն «Նարինե»-ով սնվելու դեպքում երեխաների աղեստամոքսային համակարգում թեթեւակի արնահոսություն էր տեղի ունենում։ Մենք կոնսեսուսի ենք եկել՝ «Նարինեն» նշանակվում է ոչ որպես կեր, այլ միայն աղիքային խնդիրների դեպքում, եւ միայն ութ ամսականից հետո։
Հաջորդ հիվանդը մոտ հինգ տարեկան աղջնակ է։ Հանգիստ թույլ է տալիս, որ բժիշկը իրեն զննի, խելոք դուրս է հանում լեզուն։ Բարձր ջերմությունը աղջկա մոտ պահպանվում է արդեն 5-րդ օրը, ջերմիջեցնողները չեն օգնում, բժիշկը խորհուրդ է տալիս երեխային պառկացնել։
Ես հիշում եմ իմ դեպքը, երբ տղաս յոթ ամսական հասակում 1995-ի ցուրտ ձմռանը ջերմում էր, եւ ջերմությունը 40 աստիճանից բարձր էր։ Ջերմիջեցնող միջոցները ոչ մի ազդեցություն չէին ունենում։ Հարեւանուհիս, հայտնի մանկաբույժ Ալլա Պավլովնան, դրսում փռած տակաշորերից ուզեց. դրանք ուղղակի սառցակալած էին։ Նա մի քանի անգամ երեխային փաթաթեց՝ տաքացած տակաշորերը փոխելով։ Այդպես ջերմությունը իջեցրեց մինչեւ 39 աստիճան, հետո երեխային հիվանդանոց տարանք։ Պատմում եմ այս դեպքը, իսկ Խանիկյանցը պարզաբանում է, որ եթե ջերմությունը 40 աստիճան է ու 10-12 ժամվա ընթացքում չի իջնում, ապա կարող է սպիտակուցի դենատուրացիա տեղի ունենալ, այնպես որ նման դեպքերում ընդունելի են ջերմիջեցնող բոլոր միջոցները, թեպետ ինքը սառը պրոցեդուրաների կողմնակիցը չէ։ Ըստ բժշկի, դրանք հղի են ինչ-ինչ հետեւանքներով։ «Կան ջերմությունը իջեցնելու քիմիական եւ ֆիզիկական մեթոդներ։ Այս ձեւով սառեցումը՝ ֆիզիկական մեթոդ է, բայց պետք է հիշել, որ ճերմակ հիպերթերմիայի ժամանակ տեղի է ունենում անոթների կծկում, իսկ ցուրտը էլ ավելի է ուժեղացնում կծկումը»։
Ինչ վերաբերում է քացախով կամ սպիրտով շփումներին, ապա բժիշկը խորհուրդ է տալիս քացախի մասին մոռանալ առհասարակ, իսկ սպիրտի մասին հիշել, որ այն եւս անոթների սպազմ է առաջացնում։ «Կարմիր կամ վարդագույն հիպերթերմիայի ժամանակ կարելի է շփումներ կատարել սովորական, մի քիչ սառը ջրով», - ասում է նա, իսկ այն դիտարկմանը, թե ամերիկացիները երեխաների ջերմության ժամանակ սառը վաննաներ են կիրառում, կատակում է, թե թող ամերիկացիներն իրենց երեխաներին ինչ ուզում են անեն, իսկ մեր երեխաներին հանգիստ թողնեն։
Ինչ վերաբերում է բարձր ջերմության հնարավոր հետեւանքին՝ ցնցումներին, ապա, ըստ բժշկի, կռահել, կլինի երեխայի մոտ ցնցում թե ոչ, ոչ ոք չի կարող, բայց վախենալ ֆիբրիլ ցնցումներից պետք չէ։ «Ես խնդրում եմ հասցնել ծնողներին, որ հիմնականում, 99,9% դեպքերում, հիպերթերմիայով պայմանավորված ցնցումները հետեւանքներ չեն ունենում։ Խեղդվում են էպիլեպսիայի ժամանակ, իսկ էպիլեպսիայի գենեզը լրիվ այլ է։ Պետք չէ մատները մտցնել երեխայի բերանը, եւ վնասել բերանի խոռոչը։ Պետք է երեխայի գլուխը բարձր պահել, ջուր տալ, եւ շտապօգնություն կանչել», - ասում է նա։ «Իսկ մաքուր օդ պե՞տք է ապահովել։ Մոտեցնել երեխային պատուհանին», - հարցնում եմ ես։ «Պատկերացնում եք, մրսածության դեպքում այս սառը եղանակին մի հատ էլ սառը օդ ապահովել, չէ՞ որ դա կնպաստի հիվանդությանը։ Մաքուր օդը անհրաժեշտ է սպազմոֆիլիայի ժամանակ՝ դա լրիվ այլ հիվանդույթուն է, որը առաջանում է կալցիում-ֆոսֆորային փոխանակման խանգարման պատճառով, երբ օրգանիզմում նվազում է իոնացված կալցիումի քանակը, որը պատասխանատու է նյարդա-մկանային հաղորդականության համար։ Եթե կալցիումի քանակը անբավարար է, կարող է ցնցում սկսվել», - ասում է բժիշկ Խանիկյանցը, իսկ իմ հարցին, ինչպե՞ս ծնողները տարբերեն ֆիբրիլ ցնցումները սպազմոֆիլիայից, տալիս է անմխիթար պատասխան. «Ծնողները դա չեն կարող անել»։
Վերջին հիվանդը՝ 14-օրական փոքրիկ է, որը շատ բարձր ջերմություն ունի եւ դեղնած է։ Երեխան այնքան թույլ է, որ նույնիսկ չի լացում։ Նրան շտապ տանում են բաժանմունք։
[gallery id=12]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հրաժեշտ տալով, բժիշկը խնդրում է բարձրացնել մի շատ արդիական հարց՝ Երեւանի բժշկական համալսարանում փակել են մանկաբուժության ֆակուլտետը, ինչը բժիշկը շատ սխալ լուծում է համարում։ «Հիմա ավարտում են բուժական ֆակուլտետը, հետո պետք է վերապատրաստվեն որպես մանկաբույժ, իսկ ցանկացողներ գրեթե չկան, որովհետեւ օրդինատուրան էժան չէ», - ասում է նա։ Մենք հիմա արդեն լուրջ խնդիրներ ունենք մանկաբուժական կադրերի հետ, իսկ ապագայում դրանք ավելի կխորանան, եզրակացնում է բժիշկ Խանիկյանցը։
Անահիտ Սարգսյան





