• Latest news

Ամերիկյան առաքելությունները հայկական կլինիկաներին բժշկական սարքավորումներ կնվիրեն

25 ապրիլի, 2016  15:58

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կլինիկաները մի քանի ամիս անց կկարողանան մարդասիրական օգնության շրջանակում նոր բուժսարքավորումներ ստանալ` օգտագործված, սակայն վերանորոգված եւ սարքին: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով, դեռեւս վերջերս Հայաստանում եղել էին Կաթոլիկական Բժշկական Առաքելության Խորհրդի (CMMB, Catholic Medical Mission Board) ներկայացուցիչները, որոնք վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանին ավելի  քան 100 մլն դոլարի դեղամիջոցներ են հասցրել: Նրանք հանդիպել են Հայաստանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկել են հետագա ծրագրերը, որոնց շրջանակում  կարող են օգտակար լինել Հայաստանին:

«CMMB-ի ներկայացուցիչներն ուզում էին հասկանալ, թե Հայաստանն ինչի կարիք ունի: Նրանք ուզում են ոչ միայն դեղամիջոցներ ուղարկել Հայաստան, այլեւ օգնել բժշկական ծրագրերի մշակման գործում», - նշել է Հարութ Սասունյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են հետագա համագործակցության ընդհանուր ուղղությունները, իսկ մանրամասները հետագայում կքննարկվեն` նամակագրության միջոցով եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների պատասխան այցի ընթացքում Նյու Յորք: 

CMMB-ի ներկայացուցիչները այցելել են նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոն, որի օրինակով ուզում էին ավելի լավ հասկանալ հայկական կլինիկաների պահանջները:  

«Մի բան է` լսել, մեկ ուրիշ բան` ամեն ինչ սեփական աչքով տեսնել», - նշել է Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով, Կաթոլիկական մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կլինիկայից եւ Հայաստանից հեռացել են լավ տպավորություններով` ի հավելումն խոստանալով ամեն հնարավորն անել երկրին օգնության եւ աջակցության ավելացման համար: Նրանք նաեւ նշել են, որ չնայած իրենց կազմակերպությունը միայն դեղամիջոցներով է զբաղվում, իրենք կապեր ունեն այլ կազմակերպությունների հետ, որոնք օգտագործված բժշկական տեխնիկա են գնում եւ նորոգում, հետո ուղարկում են դրա կարիքն ունեցող երկրներին: Անհրաժեշտության դեպքում նրանք նաեւ մասնագետների են տրամադրում, որոնք տեղադրում են այդ տեխնիկան եւ կլինիկայի մասնագետների շրջանում թրեյնինգներ են իրականացնում:  

Հարութ Սասունյանը նշել է, որ բժշկական նոր տեխնիկան շատ թանկ արժե եւ բարդ է այն գնելը, սակայն օգտագործվածը, եթե նորոգված է եւ սարքին աշխատում է, կարող է լավ տարբերակ լինել: 

«Մենք միշտ զգուշացել ենք այստեղ օգտագործված տեխնիկա բերելուց, չէ՞ որ եթե դրա մեջ ինչ-որ բան ջարդված է, ինչ-որ բան չի հերիքում, ինչ-որ բան չի աշխատում, դա տեղափոխումն անիմաստ է դարձնում: Բայց եթե պրոֆեսիոնալները նորոգում են տեխնիկան եւ սարքին վիճակում տեղափոխում են այստեղ, հետն էլ մասնագետներ են ուղարկում, որոնք տեղադրում են այդ տեխնիկան եւ մասնագետների վերապատրաստում են իրականացնում, դա արդեն լրիվ այլ բան է, դա նոր մի բան է, որը մենք մինչ այժմ չենք արել», - ասել է Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով, շուտով ինքը եւ իր ղեկավարած  «Հայաստան Արցախ» հիմնադրամը CMMB-ի միջնորդությամբ կկապվեն այդ հիմնադրամների հետ եւ ամենայն հավանականությամբ կկարողանան ստանալ շատ հիվանդանոցներին անհրաժեշտ բուժսարքավորումներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել