• Latest news

Հայտնի ապրանքանիշի մանկական սննդամթերքի մեջ շաքարի անառողջ քանակություն է հայտնաբերվել

22 ապրիլի, 2024  22:12

Եվրոպական հասարակական կազմակերպությունները ուսումնասիրել են Nestlé-ի մանկական սննդի գիծը՝ պարզելով, որ սննդի հսկայի համար ոչ բոլոր նորածիններն են նույնը, գրում է Euronews-ը։

Nestlé-ի մանկական սննդի արտադրանքը, որը վաճառվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, պարունակում է անառողջ քանակությամբ շաքար: Այս մասին պարզվել է շվեյցարական «Public Eye» ոչ կառավարական կազմակերպության և «Մանկական սնուցման գործողությունների միջազգային ցանցի» (IBFAN) փորձագետների ուսումնասիրության արդյունքում։

Նրանք նշել են, որ պարենային հսկան հիմնականում հետևում է Եվրոպայում շուկայավարման սահմանափակումներին, բայց ավելի աղքատ շրջաններում «օգտվում է գործող կանոնակարգերի թուլությունից»:

Մասնագետները ուսումնասիրել են մոտ 150 ապրանքներ, որոնք Nestlé-ն մատակարարում է ամբողջ աշխարհում։ Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում խանութների դարակներում հայտնված բանաձևերը և հացահատիկները քաղցրացված չէին, մինչդեռ Ֆիլիպիններում, Հարավային Աֆրիկայում և Թաիլանդում նույն անունով տուփերը պարունակում էին մեկ մատուցման համար ոչ ադեկվատ քանակության շաքար: «Այստեղ ակնհայտորեն կա երկակի ստանդարտ, որը չի կարող արդարացվել», - ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Նայջել Ռոլինսը:

Nestlé-ին բաժին է ընկնում մանկական կաթնախառնուրդի համաշխարհային շուկայի 20 տոկոսը: Նրա տնօրեններից մեկը՝ Թիերի Ֆիլարդոն, 2020 թվականին ասել է, որ 15 միլիոն երեխա կախված է ընկերության արտադրանքից։

Cerelac ցորենի շիլան և Nido կաթի փոշին աշխարհում թիվ մեկ ապրանքանիշերն են, որոնց վաճառքը գերազանցել է 2 միլիարդ եվրոն՝ 2022 թվականին: Հետազոտության հեղինակները պարզել են, որ Թաիլանդում վաճառվող վեց ամսական նորածինների համար նախատեսված Cerelac-ի մեկ չափաբաժինը պարունակում է 6 գրամ շաքար (մեկ ու կես խորանարդ մեկ չափաբաժնի համար): Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում նույն լուծվող հացահատիկները պիտակավորված են «առանց շաքարի»:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բնական շաքար պարունակող մթերքները, ինչպիսիք են մրգերը, անվտանգ են նորածինների համար, մինչդեռ ավելացված շաքարները կարող են հանգեցնել գիրության և առողջական այլ խնդիրների: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նորածինների սննդակարգից բացառել ավելացված շաքարը։ Public Eye-ի զեկույցում փորձագետները հիշեցնում են, որ «շաքարի հետ շփումը վաղ տարիքում կարող է ձևավորել շաքար պարունակող մթերքների նկատմամբ ողջ կյանքի նախապատվությունը»։

1990 թվականից ի վեր աշխարհում գեր մարդկանց տոկոսն ավելի քան կրկնապատկվել է։ Նույն ժամանակահատվածում ավելորդ քաշ ունեցող երեխաների և դեռահասների տոկոսը 5-19 տարեկանների շրջանում քառապատկվել է՝ հասնելով 8 տոկոսի։

Փորձագետները նշում են, որ եթե գիրությունը ժամանակին ասոցացվում էր բարձր եկամուտ ունեցող երկրների հետ, ապա այսօր այն խնդիր է դարձել նաև ավելի աղքատ երկրների համար։ «Այս երկրները շարունակում են զբաղվել վարակիչ հիվանդությունների և սննդային անբավարարության խնդիրներով, միևնույն ժամանակ, գրանցվել է ոչ վարակիչ պաթոլոգիաների, այդ թվում՝ գիրության և ավելորդ քաշի ռիսկի գործոնների արագ աճ», - ասվում է ԱՀԿ-ում։

Public Eye-ի գյուղատնտեսության և սննդի փորձագետ Լորան Գաբերելը նշում է, որ «Nestlé-ն որոշել է շաքարավազ չավելացնել եվրոպական շուկաներում մանկական սննդի մեջ, քանի որ գիտի, թե ինչ են ակնկալում այստեղի սպառողները»: Public Eye-ի հետաքննությունը նաև էթիկական մտահոգություններ է առաջացրել սննդի հսկայի առևտրային պրակտիկայի վերաբերյալ: Պարզվել է, որ մի շարք երկրներում բազմազգ կորպորացիան օգտագործում է սոցիալական ցանցերն ու ինֆլյուենսերներին՝ «իր արտադրանքի նկատմամբ ծնողների վստահությունը շահելու համար»։ Սիդնեյի համալսարանի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Բեյքերը ասում է, որ ընկերությունը հույսը դնում է հավատարիմ փորձագետների վրա՝ սպառողների հավատարմությունն «օրորոցից մինչև գերեզման» կառուցելու համար:

Մինչդեռ Nestlé-ն գիտի, որ շաքարը վնասակար է երեխաների համար։ «Խորհուրդ չի տրվում երեխայի համար սնունդ պատրաստելիս շաքարավազ ավելացնել կամ նրան քաղցր ըմպելիքներ առաջարկել», - ասվում է ծնողների համար ընկերության կայքի ֆրանսերեն տարբերակում՝ Baby & Me-ում:

Կրծքի կաթը յուրաքանչյուր երեխայի համար իդեալական և բնական սնունդ է, և ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մինչև 6 ամսական բացառապես կրծքով կերակրել: Nestlé-ն հետևում է ԱՀԿ ուղեցույցներին և, հետևաբար, չի գովազդում մինչև վեց ամսական երեխաների համար նախատեսված ապրանքները»,- ահա ևս մեկ մեջբերում նույն կայքից։ Խոսքը վերաբերում է նորածիններին սննդամթերքի վաճառքի՝ ԱՀԿ արգելքին։ Սակայն աշխարհի այլ մասերում Nestlé-ն օգտագործում է օրինական բացթողումներ՝ ակտիվորեն խթանելու կրծքի կաթի փոխարինիչները, ասում են հետաքննության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել