• Latest news

Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի կանխարգելման բարդ վիրահատություն են կատարել

28 մայիսի, 2016  18:26

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում քնային զարկերակի բազմամակարդակ (տանդեմային) ստենոզի վերացման բարդ վիրահատություն է կատարվել: Բացի այն, որ նման վիրահատությունն ինքնին բարդ է, 62-ամյա հիվանդը նախկինում միոկարդի կաթված էր տարել, ինչը բժիշկների բրիգադի համար լրացուցիչ բարդություններ էր ստեղծում. վիրահատության ընթացքում անհրաժեշտ էր մշտապես վերահսկողության տակ պահել սրտի աշխատանքը, իսկ վիրահատությունը 9 ժամ է տեւել: Բայց այդ վիրահատությունը տղամարդուն փրկել է ուղեղի անխուսափելի կաթվածից: 

Վիրահատող վիրաբույժ, «Էրեբունի» բուժկենտրոնի Պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժության  ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ հիվանդը բազմամակարդակ ստենոզ ուներ եւ ընդհանուր քնային զարկերակի հիմքի պրոթեզավորումը կամ շունտավորումը հնարավոր չէր իրականացնել: 

«Մենք որոշում կայացրեցինք ձախ ընդհանուր քնային զարկերակի նոր հիմք-ցողուն ստեղծել, որը սկսվում է ենթաանրակային զարկերակի դիստալ հատվածից: Մենք փակել ենք նրա բնածին հիմքը եւ նոր սինթետիկն ենք կառուցել, որն անցկացրել ենք ուսային եւ պարանոցային մկանների եւ նյարդերի տակով եւ միացրել ենք ձախ ընդհանուր քնային զարկերակի դիստալ հատվածին», - պատմել է վիրաբույժը: Բացի այդ, ներքին քնզարկերակի ավանդական կարոտիդային էնդարտերէկտոմիա է կատարվել: «Դա ստենոզի վերջին մակարդակն է, մենք այն մաքրել ենք, լայնացրել ենք զարկերակը եւ կարել ենք: Այժմ ամբողջությամբ վերականգնվել է հիվանդի արյան շրջանառությունը դեպի ուղեղի ձախ կիսագունդ», - ասել է բժիշկը: Գլխուղեղը սնուցող անոթների նման  բարդ ախտահարումով կապակցված վիրահատություն Հայաստանում առաջին անգամ է կատարվել։

Լրագրողների հետ զրույցում ինքը` հիվանդը պատմել է, որ Մոսկվայում է եղել, երբ իր մոտ տհաճ ախտանիշներ են սկսվել: Նրա խոսքով, ինքը գլխապտույտներ է ունեցել, ուշաթափություն, իսկ երբեմն գլուխն ասես ջրի մեջ լիներ: Տղամարդը վերադարձել է Երեւան եւ դիմել է բժիշկներին:  Հայաստանի շատ բժշկական հաստատություններում մերժել էին վիրահատել տղամարդուն, տեսնելով գլխուղեղը սնուցող անոթների բարդ վիճակը եւ սրտի կաթվածի հետեւանքը  (արտամղման ֆրակցիան նրա մոտ գրեթե 35 է, երբ նորման 55-ից ավելին է)։ Մի շարք հիվանդանոցներ դիմելուց հետո նա դիմել է  «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան վիրահատական միջամտություն է առաջարկվել:

«Էրեբունի» բուժկենտրոնում գնահատել են ռիսկի աստիճանը, ըստ Մեսրոպ Շատախյանի, այն բարձր է եղել, բայց վիրահատության դրական հետեւանքը գերազանցում էր այդ ռիսկերը։ Ավելի ճիշտ` վիրահատությունից հրաժարման դեպքում ուղեղի կաթվածի ռիսկն ավելի բարձր էր, քան սրտի կաթվածինը` վիրահատության դեպքում: Տղամարդուն այդ ամենը բացատրել են եւ առաջարկել են ընտրություն կատարել, եւ նա համաձայնել է վիրահատական միջամտությանը: 

Հիվանդի դուստրը պատմել է, որ նա նախկինում ծխել է, իսկ արյան ճնշումը հաճախ բարձրացել է մինչեւ  280 մմ ս ս: Երբ նրա մոտ ստենոզ են ախտորոշել, բժիշկները խստորեն արգելել են ծխելը: Լրագրողների հետ զրույցում տղամարդը խոստովանել է, որ նախկինում ուշադրություն չէր դարձնում բժիշկների հորդորներին, իսկ այժմ հաստատ ամեն ինչում կլսի նրանց: 

Հիվանդը վիրահատությունից 5 օր անց դուրս է գրվել բարելավումով, բայց նա պետք է մշտապես բժիշկների հսկողության տակ լինի, որովհետեւ նա մուլտիֆոկալ աթերոսկլերոզ ունի եւ մնացած անոթներն էլ լավ վիճակում չեն:

Կադրեր վիրահատությունից

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել