Տապակած միսը մեծացնում է շաքարային դիաբետի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Icahn School of Medicine at Mount Sinai-ի գիտնականները (Նյու Յորք, ԱՄՆ): Տապակած ուտեստներից հրաժարումը մարդու առողջության լավացման է հանգեցնում օրգանիզմի բնական պաշտպանական ռեսուրսների վերականգնման հաշվին:
Վերոհիշյալ կենտրոնի էնդոկրինոլոգները քառամսյա հետազոտություն են կատարել 18-60 տարեկան 350 մարդու մասնակցությամբ, որոնց խնդրել են հրաժարվել տապակած ուտեսներից կամ էլ զգալիորեն նվազեցնել իրենց սննդակարգում դրանց մակարդակը: Արդյունքում գիտնականները պարզել են, որ տապակած սննդից հրաժարումը հանգեցնում է բջիջների վրա AGEs տոքսինների ազդեցության ինտենսիվության զգալի նվազման. դրանք ուժեղացած գլիկացիայի վերջնական արդյունքն են եւ իրենցից ներկայացնում են այնպիսի մոլեկուլներ, որոնք բարդացնում են մազանոթներում արյան շրջանառությունը:
Այլ խոսքով, այն կամավորների մոտ, որոնք հրաժարվել են տապակած սնունդ ընդունել, բարելավվել է անոթային համակարգի եւ արյան շրջանառության վիճակը, ինչը դրական ազդեցություն է գործել ամբողջ օրգանիզմի վրա:
«Ընդամենը մեկ ամիս անց կամավորների մոտ 60 տոկոսով նվազել է AGEs-ի, լիպիդային գերօքսիդի, արյան մեջ գրգռման նշիչների եւ անոթային գործառույթի նշիչների մակարդակը: Բացի այդ, դրական փոփոխություններ են դիտարկվել AGER1 անունով բջջային ռեցեպտորներում, որոնք վճռորոշ նշանակություն ունեն օրգանիզմը թունավոր AGEs-ից մաքրելու գործում: Երիկամային ախտորոշումներով հիվանդների մոտ սննդի փոփոխման շնորհիվ AGER1 գենի պատճենների թիվը վերականգնվել է մինչեւ նորմալ մակարդակ», - հայտնել են նախագծի հեղինակները:
Մասնագետների կարծիքով, տապակած ուտեստների գլխավոր խնդիրն այն է, որ օրգանիզմում դրանց պատճառով թթվեցման արտադրանքներ են հայտնվում, որոնք ակտիվ դեր են խաղում` ճնշելով օրգանիզմի պաշտպանական գործընթացները, որոնք անհրաժեշտ են բորբոքման, ծերացման եւ տարբեր հիվանդությունների դեմ պայքարի համար: Ավելին, կարծիք կա, թե AGEs-ն առանցքային դեր է խաղում մի շարք հիվանդությունների զարգացման գործում, ինչպիսիք են դիաբետը, սրտանոթային հիվանդությունները եւ ձեռքբերովի թուլամտությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր