• Latest news

Ուռուցքի հետեւանքով ախտահարված ոսկրերի էնդոպրոթեզավորումը կօգնի խուսափել անդամահատումից

30 հուլիսի, 2016  18:36

Անցյալում, երբ չարորակ կամ նույնիսկ բարորակ ուռուցքներն ախտահարում էին մարդու ոսկրերը կամ հոդերը, նրան սպառնում էր անխուսափելի անդամահատում: Մինչդեռ այսօր Հայաստանում կատարվում են ախտահարված ոսկրերը եւ հոդերը հատուկ էնդոպրոթեզներով փոխարինելու վիրահատություններ, ինչի շնորհիվ հաջողվում է պահպանել ոչ միայն վերջույթը, այլեւ նրա գործառնությունը. այդպիսի վիրահատությունից հետո հիվանդները կարող են քայլել եւ ձեռքերն օգտագործել:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի եւ ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոսկրերի, հոդերի եւ փափուկ հյուսվածքների ուռուցքային եւ ուռուցքանման հիվանդություններով այցելուների բուժմամբ զբաղվում է օնկոօրթոպեդիան. գիտություն, որը վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ ուռուցքաբանության սահմանին է գտնվում:

Տարիներ առաջ ոսկրերի եւ հոդերի ուռուցքների դեպքում կատարվում էին ծավալուն խեղում առաջացնող վիրահատություններ, սակայն նույնիսկ անդամահատումից հետո հիվանդների կյանքի տեւողությունը մեծ չէր. օրգանիզմում մնացած ուռուցքային բջիջները վաղ թե ուշ հանգեցնում էին հիվանդի մահվան: Մինչդեռ այսօր վերջին տարիներին ակտիվորեն զարգացող քիմիաթերապիան հիվանդների եւ բժիշկների համար նոր հնարավորություններ է ստեղծել, եւ օնկոօրթոպեդները այսօր կարող են կատարել ախտահարված վերջույթները պահպանող վիրահատություններ: Ժամանակակից բուժումը ոչ միայն չի կարճացնում հիվանդի կյանքը, այլեւ բացասաբար չի ազդում նրա որակի վրա:

Նման վիրահատության ժամանակ մասնագետը հեռացնում է ոսկրի կամ հոդի ախտահարված հատվածը՝ այն փոխարինելով էնդոպրոթեզով, որոնք պատրաստված են գերամուր եւ առաձգական ձուլվածքներից՝ բացարձակ համատեղելի հիվանդի օրգանիզմին: Կան նաեւ կերամիկայից էնդոպրոթեզներ (հոդերի համար): Դրանք պատրաստվում են պատվերով՝ հատուկ կոնկրետ հիվանդի համար՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, հետեւաբար տեղադրելուց հետո դրանք հիվանդի մոտ անհարմարության զգացում չեն առաջացնում. պրոթեզավորված ձեռքով նրանք կարող են օգտվել այնպես, ինչպես առողջ ձեռքով, իսկ ոտքի պրոթեզավորումը չի խանգարում քայլելուն:

NEWS.am Medicine-ի թղթակիցը հանդիպել է բժիշկ Գալուստ Գալուստյանի մի քանի հիվանդների, որոնց  ազդրոսկրի էնդոպրոթեզավորում են կատարել. եթե չիմանաս, որ նրանք պրոթեզավորված են, եւ եթե ուշադրություն չդարձնես վիրահատությունից հետո մնացած սպիին, նրանց քայլվածքից եւ պահվածքից անհնար է կռահել, որ նրանք նման վիրահատության են ենթարկվել:

Ինչպես նշեց Գալուստ Գալուստյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնում, բացի վերին եւ ստորին վերջույթների ոսկրերի ընդարձակ հատվածների մեգաէնդոպրոթեզավորումից, առաջարկվում է նաեւ բոլոր տեսակի բարորակ ուռուցքանման գոյացությունների վիրաբուժական բուժում՝ օգտագործելով բոլոր տեսակի ոսկրային տրանսպլանտատներ՝ ինչպես վերցված հիվանդից, այնպես էլ արհեստական: Նորույթներից կարելի է նշել օստեոիդային օստեոմայի (ոսկրերի բարորակ ուռուցքի տարատեսակ) վիրահատական բուժումը՝ համակարգչային տոմոգրաֆիայի նավիգացիայի օգնությամբ:

Ո՞վ է ավելի շատ բախվում ոսկրերի եւ հոդերի ուռուցքներին:

Ինչպես նշեց Գալուստ Գալուստյանը, ուռուցքների այլ տարատեսակների դեպքում կարելի է հեշտությամբ առանձնացնել ռիսկի խմբեր, մինչդեռ ոսկրերի եւ հոդերի ուռուցքների դեպքում այդպիսի խմբեր չկան: Այս խնդրին կարող են բախվել ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեցները. ըստ որում՝ ոսկրերում ուռուցքները կարող են լինել եւ առաջնային, եւ մետաստազային:

Ոսկրերի առաջնային ուռուցքները առավել հաճախ հանդիպում են երիտասարդների մոտ, իսկ տարեցների մոտ ոսկրերում ուռուցքը սովորաբար այլ օրգաներից անցած մետաստազ է: Ոսկրերում մետաստազներ են առաջացնում վահանաձեւ գեղձի եւ կաթնագեղձերի, երիկամների եւ թոքերի քաղցկեղը: Այդպիսի ուռուցքներով հիվանդներին խորհուրդ է տրվում շատ ուշադիր լինել եւ պարբերաբար հետազոտել ոսկրերը:

Ինչ վերաբերում է ոսկրերի առաջնային ուռուցքներին, այն կարող է հայտնաբերել միայն ոսկրային պաթոլոգիայի մասնագետը, այդ պատճառով ոսկրերի հետ կապված ցանկացած անհասկանալի բողոքի դեպքում խորհուրդ է տրվում դիմել այդ մասնագետին: Հիվանդների եւ նրանց ծնողների ուշադրությունը պետք է գրավեն հետեւյալ ախտանշանները.

• Վնասվածքից հետո ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց առաջացող ցավեր, որոնք ոչ թե թուլանում են, այլ հակառակը՝ սաստկանում:

• Աննշան վնասվածքների դեպքում կոտրվածքներ:

Մասնագետները նշում են, որ որքան վաղ հայտնաբերվեն ոսկրերի ուռուցքները, այնքան մեծ կլինի հիվանդի ապաքինվելու հավանականությունը եւ վիրահատելիս հնարավոր կլինի ոսկրի մեծ հատված պահպանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է