• Latest news

Թույլ մի տվեք, որ արտաքին ականջաբորբը փչացնի ձեր ամառը

7 հուլիսի, 2014  18:56

Շատերը կզարմանան` իմանալով, որ ականջի տեսքը արտաքին ականջաբորբի` ցավոտ բորբոքման առաջացման գործում էական նշանակություն ունի: Ճիշտ է` այդքանից հետո էլ օրգանի ինքնատիպ կորերը փոխելու հնարավորություն ոչ ոք չի ունենա, բայց պարզվում է` փորձագետներին հիվանդության առաջացումը կանխարգելող որոշ միջոցներն են հայտնի:

Բժիշկներին otitis externa անունով առավել հայտնի բորբոքումը հիմնականում ջրի` ականջի ուղի ներթափանցման արդյունքում է ի հայտ գալիս: Եվ հատկապես ամռանը, երբ մարդիկ առավել հաճախ են ջրի զովությանը տրվում:

Բժիշկների համոզմամբ, հիվանդությունից խուսափելու լավագույն միջոցը ականջները չոր եւ մաքուր պահելն է:

Ստորեւ մի քանի այլ խորհուրդներ ենք ներկայացնում.

• Ջրածնի պերօքսիդ օգտագործեք. ականջները ժամանակ առ ժամանակ ջրածնի 3 տոկոսանոց պերօքսիդով մաքրեք` ջուր կլանելու հատկություն ունեցող ականջակեղտից ամբողջությամբ ազատվելու համար:

• Բամբակե ականջմաքրիչներ մի օգտագործեք. դրանք կարող եք վնասել ականջի ուղու մաշկը եւ հիվանդության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծել:

• Մազերը չորացնող սարք օգտագործեք, միայն թե` ցածր ջերմաստիճանի վրա, բավականաչափ հեռու տարածությունից եւ մեծ զգուշությամբ` ականջի ուղու խոնավ միջավայրից ազատվելու համար:

• Ջուրը մտնելիս ականջակալներ կրեք. այս կերպ կարող եք ականջները ջրի ազդեցությունից հեռու պահել: Այդուհանդերձ, եթե ականջի մեջ խոնավություն է հավաքվել, ապա դրանք կարող են նաեւ հակադարձ ազդեցությունը ունենալ, ուստի բոլոր հանգամանքներում համոզվեք, որ ականջները չոր են:

Ինչո՞ւ է ջուրը եւ խոնավությունը արտաքին ականջաբորբ առաջացնում

Ի՞նչ կա ջրի մեջ, որ նման հիվանդություն է առաջացնում: Բանը նրանում է, որ ականջի ուղու վրա տարածվող մանրէները խոնավ պայմաններում առավել արագ են բազմանում եւ բորբոքում առաջացնում:

Մյուս կողմից էլ` մաքրությամբ չփայլող հանրային լողավազանները կարող են հավելյալ ռիսկ ներկայացնել` նոր մանրէների ներթափանցման համար: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ լողի սիրահար լինեք` այս հիվանդությանը ենթարկվելու համար: Ամռանը գրանցվող օդի խոնավության մակարդակը միանգամայն բավական է` մանրէների զարգացում խթանելու համար:

Ալերգիաները եւ մաշկային խանգարումները` էկզեման, պսորիազը կամ սեբորեան ականջի բորբոքումը կարող են առավել անտանելի դարձնել: Այդուհանդերձ, ամենաբարձր ռիսկային խմբում շաքարախտով հիվանդներն են:

Արտաքին ականջաբորբը կարող է նաեւ լոգանք կամ ցնցուղ ընդունելու արդյունքում ի հայտ գալ:

Բուժման լավագույն եղանակները

Արտաքին ականջաբորբի ախտանշաններն են` ականջի ուղու եւ արտաքին մասի (անցքի շուրջ ընկած հատվածը) կարմրությունն ու այտուցվածությունը, քորը, ցավը, ջրարտադրությունը եւ երբեմն էլ` մազաթափությունը:

Հիվանդության դեմ բուժման լավագույն եղանակները հակաբիոտիկ կամ հակասնկային կաթիլների տեսքով են լինում: Դրանք կիրառելուց առաջ հարկ է` ականջները ջրածնի պերօքսիդով մաքրել, որպեսզի կաթիլները մաշկի հետ շփում ապահովեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է