• Latest news

Նեւրոզով տառապող երեխաների թիվը Հայաստանում աճել է - հոգեբան

26 հուլիսի, 2014  14:26

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում աճել է նեւրոզներով տառապող երեխաների թիվը, կարծում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա ասաց, որ դեռեւս 30-40 տարի առաջ այսպիսի միտումներ դեռ չկային:

Ինչու՞ են երեխաների մոտ նեւրոզներ առաջանում:

Ըստ հոգեբանի՝ ամենից հաճախ երեխաների մոտ նման խնդիրների առաջացման պատճառը ընտանեկան հարաբերությունները, դրանցում առկա խնդիրներն ու կոնֆլիկտներն են: Հետաքրքիր է, որ ամենից հաճախ նման խնդիրներով հոգեբանների են դիմում սոցիալապես անապահով կամ կոնֆլիկտային ընտանիքների անդամները՝ հենց նրանց մոտ են առավել հաճախ հոգեբանական խնդիրներ ձեւավորվում:

Ուսումնական խնդիրները նույնպես կարող են մանկական նեւրոզների առաջացման պատճառ դառնալ, մանավանդ եթե երեխան տառապում է այսպես կոչված «գերազանցիկի սինդրոմով» եւ փորձում է լավ սովորել, գերազանցիկ լինել՝ ծնողներին դուր գալու համար: Երբ երեխան իր ուսերի վրա իր տարիքին անհամապատասխան ինչ-որ բեռ է վերցնում, դա էլ կարող է նեւրոտիկ խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Եվ իհարկե վախերը՝ դրանք էլ են հաճախ երեխաների մոտ նեւրոտիկ եւ այլ բնույթի խանգարումներ առաջացնում:

Բացառված չէ, որ շատ վաղուց տեղի ունեցած եւ մոռացված դեպքերը նույնպես ազդեն երեխային հոգեվիճակի վրա. օրինակ, այն, թե ինչպես է անցել հղիությունն ու ծննդաբերությունը, հաճախ մեծ դեր է խաղում երեխայի հետագա զարգացման վրա:

Ինչպե՞ս է կարելի հասկանալ, որ երեխայի մոտ նեւրոզ է զարգանում:

Վարքի եւ էմոցիոնալ վիճակի փոփոխությունները կարող են նեւրոզների ազդանշան լինել: Երեխաների դեպքում ազդանշան կարող են լինել նաեւ կրկնվող, «կպչուն» ցանկությունը, օրինակ, եղունգներ կրծել կամ քիթը «փորել»:

Հոգեբանը նշեց նաեւ, որ շատ նեւրոզներ այսօր հենց մանուկ հասակում են ձեւավորվում, իսկ տարիներ անց՝ 18-25 տարեկանում, դրանք կարող են մարդու մոտ արդեն որոշակի խնդիրներ առաջացնել: Այդ պատճառով շատ կարեւոր է հենց փոքր տարիքում կանխարգելել նեւրոզները, քանի որ ավելի մեծ տարիքում դրանք բուժելը շատ ավելի բարդ կլինի:

Մանկական նեւրոզների ժամանակ սովորաբար մասնագետի օգնության կարիք է լինում, ընդ որում, հոգեբաններին հաճախ պետք է լինում աշխատել ոչ միայն երեխայի, այլեւ նրա ծնողների հետ, չէ՞ որ հենց այդ ընտանիքում են երեխայի մոտ խնդիրներ առաջացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել