• Latest news

Մանգաղաձեւ բջջային անեմիայով տառապող երեխաներն արյան փոխներարկման կարի՞ք ունեն

21 օգոստոսի, 2014  21:45

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 500 նորածին սեւամորթ երեխաներից մեկի մոտ մանգաղաձեւ բջջային անեմիա կարող է ախտորոշվել: Այս հիվանդությունը երեխաների կյանքի որակը նշանակալիորեն նվազեցնելու եւ վաղաժամ մահվան վտանգ առաջացնելու ներուժ ունի: Խոսքը, մասնավորապես, համր ինսուլտի առաջացմանն է վերաբերում: Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքում, գիտնականները հիշյալ հիվանդությամբ տառապող, գլխավորապես՝ սեւամորթ երեխաների մոտ ինսուլտի առաջացման վտանգը նվազեցնելու եւ կյանքի որակը բարձրացնելու եղանակ են հայտնաբերել, հաղորդում է Medical Daily-ն: 

Հետազոտությունը, որի արդյունքները New England Journal of Medicine ամսագրում են հրապարակվել, միջազգային փորձագիտական խմբի նախաձեռնությամբ եւ Վանդերբիլտի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի ֆինանսավորմամբ է իրականացվել: Փորձարկումները ցույց են տվել, որ պարբերական բնույթ կրող արյան փոխներարկումները «մանգաղաձեւ բջջային անեմիայով տառապող երեխաների մոտ ինսուլտի կրկնման հավանականությունը նվազեցնելու» հնարավորություն են ընձեռում: 

ԱՄՆ-ում, Կանադայում ու եվրոպական երկրներում գործող 29 բժշկական կենտրոններում իրականացված՝ շուրջ 10 տարի տեւողությամբ հետազոտությունների ընթացքում 5-15 տարեկան՝ մանգաղաձեւ բջջային անեմիայով տառապող 196 երեխաների նկատմամբ արյան փոխներարկման արդյունավետությունն է փորձարկվել:

Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ արյան՝ կանոնավոր բնույթ կրող փոխներարկումները նախկինում համր ինսուլտ տարած երեխաների մոտ կաթվածի կրկնության հավանականությունը 58 տոկոսի չափով նվազեցնելու հնարավորություն են ընձեռում: Փորձագետները վստահ են, որ արյան փոխներարկման արդյունավետությունն ավելի բարձր է, քան ներկայացված ցուցանիշներն են առաջարկում, քանի որ հաշվարկի մեջ ներառված երեխաների 15 տոկոսը «միայն կարճ ժամանակահատվածով են փորձակումների ենթարկվել»:

«Հետազոտության արդյունքները մանգաղաձեւ բջջային անեմիայով տառապող երեխաների համար առաջարկվող կլինիկական խնամքի միջոցների արդյունավետությունն էականորեն բարձրացնելու հնարավորությունն են ընձեռում», - նշել է գիտահետազոտական խմբի անդամներից մեկը՝ դոկտոր Մայքլ Դեբաունը՝ հավելելով, թե սեւամորթ համայնքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել փորձարկումների նկատմամբ՝ ի հերքումն շրջանառվող լուրերի, թե իբր դրանք սեւամորթ մասնակիցներ չեն ներառել:

Այդուհանդերձ, արյան հաճախակի փոխներարկումները բոլոր դեպքերում չէ, որ կարող են անհրաժեշտ համարվել: Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս հիվանդությամբ տառապող երեխաներին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա նշանակել՝ համր ինսուլտի առկայությունը կամ առաջացման հավանականությունը պարզելու համար: Եւ նույնիսկ եթե պարզվի, որ երեխան ինսուլտ է տարել, մասնագետները կարիք չունեն անմիջապես արյան փոխներարկում նշանակել. հարկավոր է նախ ծնողներին բոլոր այլընտրանքային բուժամիջոցների մասին տեղեկացնել, թեեւ կասկած չի կարող լինել, որ արյան հաճախակի փոխներարկումներից ստացված օգուտը կարող է անսահման բարձր լինել:

Մանգաղաձեւ բջջային անեմիա ունեցող երեխաների մոտ համր կաթվածի առաջին դեպքը սովորաբար միջին դպրոցական տարիքում է ի հայտ գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել