• Latest news

Օդի աղտոտվածությունը երեխաների մոտ ուղեղի նյարդաբանական խանգարումնե՞ր կարող է հրահրել

15 սեպտեմբերի, 2014  11:47

Մեծ եւ փոքր քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակի տարբերությունը կարող է հսկայական չափերի հասնել: Ճիշտ է՝ որոշ մեգապոլիսներիում, ինչպես, օրինակ, Նյու-Յորքն է, անտառային ծածկույթի՝ նշանակալի չափերի հասնող մակերեսը կարող է օդի արդյունավետ զտման եւ արդյունքում, ինչպես Մոնտանայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, ուղեղի վնասվածքի եւ նյարդաբանական հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի միջոց ծառայել:

Կրթօջախը ներկայացնող պրոֆեսորներից մեկը՝ դոկտոր Լիլիան Կալդերոն-Գարսիդենյաս անվամբ, մասնավորապես, պարզել է, որ աղտոտվածության բարձր մակարդակով աչքի ընկնող քաղաքների բնակիչների ուղեղն այնպիսի փոփոխությունների ենթարկվելու սպառնալիք են կրում, որոնք կարող են Պարկինսոնի կամ Ալցհեյմերի հիվանդությունների առաջացման հանգեցնել: Մարդու օրգանիզմ անցած օդը, որն աղտոտված լինելու պարագայում կարող է տարատեսակ մետաղների մասնիկներ կրել, ուղեղի, ինչպես նաեւ ստամոքսաաղիքային եւ շնչառական համակարգի պաշտպանական գործառույթ իրականացնող բոլոր պատնեշները հատելու հնարավորություն ունի: Ընդ որում, Medical Daily-ի հաղորդմամբ, երեւույթի ազդեցությունը գլխավորապես յոթ տարեկան երեխաների պարագայում է նկատելի:

Որպես կանոն, հիշյալ տարիքի երեխաների օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել, որոնք նյարդային եւ վերը հիշատակված պատնեշների բաղադրության մեջ մտնող բջիջները քայքայելու հատկություն ունեն, ինչն էլ, իր հերթին, օտարածին մարմիններով ախտահարման առավել բարձր վտանգի է հանգեցնում: «Ի սկզբանե մեզ այն հարցի պատասխանն էր հուզում, թե ինչու պետք է առողջ երեխայի օրգանիզմը սեփական ուղեղի բաղադրիչների դեմ պայքար մղող համակարմիններ արտադրի: Դա միայն անտիգեններն ու նյարդային տոքսինները ուղեղից հեռու պահող պատնեշների վնասվածքի դեպքում կարող էր տեղի ունենալ: Ուղեղի աուտոհակամարմինները գլխավորապես նյարդաբորբոքային հիվանդությամբ, մասնավորապես՝ ցրված սկլերոզով տառապող մարդկանց են հատուկ», - մեկնաբանել է դոկտոր Կալդերոն-Գարսիդենյասը:

Պրոֆեսորի գլխավորությամբ գործող հետազոտական խմբի անդամները աղտոտվածության ցածր մակարդակով աչքի ընկնող քաղաքներում եւ, ի հակադրություն, Մեխիկոյում բնակվող 139 երեխաների շիճուկի եւ ողնուղեղային հեղուկի հետազոտություն են նախաձեռնել՝ դրանց մեջ առկա՝ օքսիդատիվ սթրես, բորբոքում եւ իմունային համակարգի այլ արձագանքներ խթանելու հատկությամբ աչքի ընկնող հակամարմինների, մետաղների եւ տարատեսակ այլ նյութերի մակարդակը պարզելու համար: Հետազոտության շրջանակում հատկապես Մեխիկո քաղաքն է ընտրվել, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում այստեղ ցրված սկլերոզով ախտորոշման դեպքերի թվաքանակի՝ 400 տոկոսի չափով աճ է գրանցվել: Գիտնականներն ի սկզբանե այն հիպոթեզն էին առաջ քաշել, թե երեւույթի պատճառը քաղաքի աղտոտվածոթյան բարձր մակարդակը կարող է լինել:

Շուրջ 20 տարի առաջ Մեխիկոն, ՄԱԿ-ի գնահատմամբ, աշխարհում աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքն է ճանաչվել: Մեքսիկայի մայրաքաղաքին ցուցանիշով Ռիո դե Ժանեյրոն, Նյու-Յորքը, Սեուլը, Շանհայը, Տոկիոն, Բոմբեյը եւ Լոս Անջելեսն էին հաջորդում: Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, մեկ խորանարդ մետր օդի մեջ առկա վտանգավոր մասնիկների մակարդակը համաշխարհային միջինից՝ 70 միկրոգրամից 20-ի հասցնելու պարագայում, օդի աղտոտվածությամբ պայմանավորված մահացության դեպքերի թվաքանակի՝ 15 տոկոսի չափով կրճատման կարելի է հասնել: Ավելին՝ կազմակերպությունը ցուցանիշի որեւէ մակարդակ մարդու առողջության համար բացարձակապես անվտանգ չի համարում:

Մեխիկոյի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում՝ բնակավայրի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար: Միայն այս տարի 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ առողջապահական նախագիծ է գործի դրվել, մասնավորապես՝ հատուկ՝ Torre de Especialidades անունը ստացած հիվանդանոցային շենքի կառուցման համար, որն աղտոտված օդը քիմիական ռեակցիաների հաշվին զտելու եւ դրա վնասակար բաղադրիչներն առավել անվտանգ քիմիական միացությունների՝ ածխածնի երկօքսիդի եւ կալցիումի նիտրատի վերածելու հատկությամբ է աչքի ընկնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել