• Latest news

Լիմոնաջրով լվացում եւ կոնտրացեպցիայի այլ «ժողովրդական» մեթոդներ. մեկնաբանում է գինեկոլոգը

16 սեպտեմբերի, 2014  12:38

Հայ գինեկոլոգներն ու սեքսոլոգներն առաջին անգամ չեն արտակարգ կոնտրացեպցիայի «ժողովրդական» մեթոդների մասին լսում: Սակայն դրանք ամեն անգամ մասնագետներից շատերի մոտ միանգամայն տրամաբանական սարսափի զգացում են առաջացնում. որոշ կանայք չպաշտպանված սեռական ակտից հետո հեշտոցը լիմոնաջրով, գազավորված ջրով, քացախով եւ այլ հեղուկներով լվանալու սովորություն ունեն: Նրանց պատկերացմամբ, այդ կերպ կարելի է սպերմատոզոիդները ոչնչացնել եւ բեղմնավորում կանխարգելել: 

Սակայն արդյո՞ք բոլոր այդ «ժողովրդական» մեթոդներն արդյունավետ են: Եւ արդյո՞ք վնասակար չեն՝ կնոջ առողջության համար: Հարցերի պատասխանը գտնելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը գինեկոլոգ Պավել Սոցկիին է դիմել:

Մասնագետի հավաստիացմամբ, բոլոր վերը թվարկված մեթոդները, որպես բեղմնավորման կանխարգելմանը միտված միջոցառումներ, ոչ միայն արդյունավետ չեն, այլ նաեւ բավականին լուրջ վտանգ են ներկայացնում: Փորձենք մանրամասն հասկանալ, թե ինչու:

Ինչո՞ւ են վտանգավոր

Պարզվում է՝ լիմոնաջուրը եւ նմանատիպ հեղուկները հեշտոցի միկրոֆլորան խախտելու եւ բակտերիալ վագինոզի եւ այլ հիվանդությունների առաջացման համար «բարենպաստ» պայմաններ ստեղծելու հատկությամբ են աչքի ընկնում: Հեշտոցի առողջ միկրոֆլորան բազմաթիվ վնասակար մանրէներից պաշտպանություն ապահովելու ներուժ ունի, սակայն խախտման դեպքում նույնիսկ սեռավարակներ ձեռք բերելու ռիսկի շեշտակի աճ է ի հայտ գալիս. չէ՞ որ մանրէների՝ օրգանիզմ ներթափանցմանն այլեւս ոչինչ չի խանգարում:

Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ որոշ ժամանակ գազավորված ջրերով «պաշտպանվող» կանանց մոտ անպտղություն եւ մի շարք այլ՝ առավել լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:

Ինչո՞ւ են անարդյունավետ

Պարզեցինք, որ չպաշտպանված սեռական ակտից հետո հեշտոցի՝ ցանկացած տիպի թթվային հեղուկներով լվացումը վտանգավոր է՝ կնոջ առողջության համար: Ավելին՝ գինեկոլոգի պնդմամբ, դրանք նաեւ անիմաստ են եւ ոչ արդյունավետ: Նախ, որովհետեւ ժամանակակից բժշկությունը որեւէ ապացույց չի գտել առ այն, թե հեշտոցի՝ որեւէ հեղուկով լվացումը կարող է բեղմնավորման կանխարգելման հանգեցնել: Եվ երկրորդ, ձվաբջիջը բեղմնավորելու ընդունակ սպերմատոզոիդները սեռական ակտից հետո վաղուց արդեն ոչ թե հեշտոցում են լինում, այլ՝ արգանդի վզիկին:

Իսկ ի՞նչ անել

Մասնագետները խորհուրդ են տալիս կոնտրացեպցիայի եւ ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդները կիրառել եւ անցանկալի հղիության մասին նախքան սեռական ակտը, եւ ոչ՝ դրանից հետո մտածել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել