Հասարակ մարդիկ, երբեմն էլ՝ բժիշկները, հաճախ են կոշիկի «ներդիր» եւ «սուպինատոր» բառերը որպես հոմանիշ օգտագործում, չնայած իրականում դրանք տարբեր բաներ են: Տարբերության որոշիչների մասին հստակ պատկերացում կազմելու համար News.am Medicine-ի թղթակիցը ՀՀ առողջապահության նախարարության վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի տեխնիկական օրթոպեդիայի բաժնի վարիչ, օրթոպեդ-մեխանիկ Արթուր Գալանտերյանի օգնությանն է դիմել:
Ի՞նչ է ներդիրը
Ներդիրը կոշիկի շարժական, սովորաբար՝ հարթ եւ ուղղիչ ելույստներ չունեցող բաղադրիչն է հանդիսանում: Այն, որպես կանոն, հարմարավետության նպատակով է օգտագործվում եւ չի կարող ոտնաթաթն ուղղելու եւ ճիշտ մարդաբանական դիրքով պահելու գործառույթ իրականացնել, նույնիսկ եթե երկայնակի կամարի վրա փոքրիկ բարձիկ ունի:
Ի՞նչ է սուպինատորը
Ի տարբերություն ներդիրի, սուպինատորը հատուկ բարձիկներով եւ ելուստներով է բնորոշվում, որոնք ոտնաթաթը ճիշտ մարդաբանական դիրքով պահելու հնարավորություն են ընձեռում:
Այդ իսկ պատճառով էլ հարթաթաթություն կամ ոտնաթաթի վալգուսային դեֆորմացիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սուպինատոր կրել՝ ամենօրյա կյանքը նշանակալիորեն թեթեւացնելու եւ ստորին վերջույթների ու ողնաշարի ավելորդ լարվածությունը չեզոքացնելու համար:
Սուպինատորները անհատական պատվերով՝ ըստ կոնկրետ հիվանդի ոտնաթաթի առանձնահատկությունների են պատրաստվում: Ավելին՝ ձախ ոտքի համար նախատեսված սուպինատորը կարող է զգալիորեն տարբերվել աջ ոտքի համար պատրաստվածից. չէ՞ որ մարդու ոտնաթաթերը կարող են եւ սիմետրիկ չլինել:
Իսկ ներդի՞րն ում է պետք
Եթե ոտնաթաթի հետ կապված խնդիր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սուպինատոր կրել, այդ դեպքում ներդի՞րն ում է պետք: Պարզվում է՝ դա էլ կարող է, օրինակ՝ ոտնաթաթի նուրբ, արտաքին ազդեցությունների նկատմամբ խոցելի մաշկային ծածկույթ ունեցող մարդկանց համար օգտակար լինել: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ անգամ չնչին արտաքին ազդեցությամբ մաշկի վրա ճաքեր ու կոշտուկներ են առաջանում: Որակյալ ներդիրները կարող են այդ ամենից պաշտպանություն ապահովել:
Ներդիրը կարող է նաեւ ստորին վերջույթներում արյան շրջանառության հետ կապված որոշ խանգարումներով եւ հատկապես շաքարախտով տառապող մարդկանց համար օգտակար, որոշ դեպքերում էլ՝ նույնիսկ անհրաժեշտ գտնվել: Արյան շրջանառության խանգարման պարագայում մաշկային ծածկույթի վրա աստիճանաբար խոցերի վերածվող ճաքեր են առաջանում, մինչդեռ հատուկ դիաբետիկ ներդիրների օգնությամբ կարելի է տհաճ երեւույթից խուսափելու միջոց գտնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր