• Latest news

10 առասպել՝ կոնտրացեպցիայի մասին

26 սեպտեմբերի, 2014  20:29

Կոնտրացեպցիայի համաշխարհային օրվա առթիվ NEWS.am Medicine-ը թեմայի շուրջ առավել լայն տարածում գտած 10 առասպելներն է ներկայացնում.

1. Սեռական ակտն ընդհատելով՝ հնարավոր է անցանկալի հղիությունից եւ սեռավարակներից պաշտպանվել

Սա աշխարհում ամենալայն տարածում գտած մոլորություններից մեկն է հանդիսանում եւ Հայաստանում էլ, ցավոք սրտի, մեծ «հեղինակություն» ունի: Իրականում ընդհատված սեռական ակտի արդյունքում էլ հեշտությամբ կարելի է հղիանակ, քանի որ նախքան սերմնաժայթքումը սպերմատոզոիդներ պարունակող հեղուկի առավել փոքր ծավալներով արտանետում է տեղի ունենում: Եվ իհարկե, հիշյալ եղանակի օգնությամբ չի կարելի նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից խուսափել: 

2. Առաջին սեռական շփման ժամանակ պաշտպանվելը պարտադիր չէ

Այս մոլորությունը, որքան էլ որ անտրամաբանական է հնչում, մեծ թվով հետեւորդներ ունի, հատկապես՝ սեռական կյանք սկսող դեռահասների շրջանում: Ցանկացած սեռահասուն աղջիկ սեռական ակտի արդյունքում կարող է հղիանալ, եւ բոլորովին էլ կարեւոր չէ՝ առաջին ակտն է նրա կյանքում, թե՝ 130-րդ:

3. Դաշտանի ընթացքում հնարավոր չէ հղիանալ

Տեսականորեն հղիությունը ցանկացած պահի կարող է վրա հասնել: Իհարկե, կանայք, մեծ ի մասամբ, դաշտանային ցիկլի միջնամասում են բեղմնավորման պատրաստ (երբ ձվաբջիջների հասունացում է տեղի ունենում), սակայն երբեմն, հորմոնային ֆոնի խանգարման հետեւանքով, ձվազատումը կարող է անսպասելի պահի, օրինակ՝ մենստուացիայի ընթացքում տեղի ունենալ, ինչը նշանակում է, որ դաշտանի ժամանակ էլ կարող է բեղմնավորում տեղի ունենալ:

4. Կոնտրացեպցիայի օրացուցային եղանակն արդյունավետ է

Օրացուցային եղանակը, վերը նշված պատճառով, չի կարող 100 տոկոսանոց արդյունավետություն դրսեւորել: Օրացույցի օգնությամբ կարելի է «անվտանգ» օրերը հաշվարկել, բայց ոչ ոք չի կարող հորմոնային խանգարումներից եւ ցանկացած պահի տեղի ունեցող ձվազատումից ապահովագրված համարվել: 

5. Հորմոնային հակաբեղմնավորիչները գիրացնում են

Նախկինում կիրառվող հորմոնային դեղամիջոցները կողմնակի հետեւանքներով էին աչքի ընկնում, քանի որ մեծ քանակությամբ հորմոններ էին պարունակում: Իսկ ահա ժամանակակից դեղամիջոցների բաղադրության մեջ դրանք նվազագույնի են հասցված եւ հազվադեպ դեպքերում կարող են գիրացման պատճառ դառնալ:

6. Հորմոնային հակաբեղմնավորիչները անպտղություն են առաջացնում

Մի շարք հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ հորմոնային կոնտրացեպցիայի օգնությանը դիմող կանանց մոտ անպտղության առաջացման հավանականությունն իրականում ավելի ցածր է՝ ի համեմատություն նրանց այն հասակակիցների, որոնք որեւէ տիպի հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու փոխարեն նախընտրում են աբորտ անել:

7. Անկանոն սեռական կյանք վարելու պարագայում ավել լավ է՝ չպաշտպանված ակտից հետո անհապաղ կոնտրացեպցիայի օգնությանը դիմել, քան՝ ողջ ամսվա համար հորմոններ ընդունել

Անհապաղ կոնտրացեպցիայի համար նախատեսված դեղամիջոցները մեծ քանակությամբ հորմոններ են պարունակում, ուստի կարող են օրգանիզմի համար մեծ ցնցումների եւ մի շարք լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Հորմոնային հակաբեղմնավորիչները, որոնք ամսվա բոլոր օրերի համար են նշանակվում, անհամեմատ առավել անվտանգ են եւ զերծ արտակարգ կոնտրացեպցիայի համար նախատեսված դեղամիջոցներին հատուկ կողմնակի ազդեցությունների մեծ մասից:

8. Կրծքով կերակրման ընթացքում հնարավոր չէ հղիանալ

Այս մոլորությանը շատերն են հավատում, ինչը ծննդաբերությունից կարճ ժամանակ անց նոր՝ անցանկալի հղիության կարող է հանգեցնել: Կնոջ սեռական համակարգը ծննդաբերությունից ընդամենը 3-4 շաբաթ անց «աշխատանքի» նորմալ ռիթմի վերադառնալու ներուժ ունի, եվ բավական է՝ կերակրող կնոջ մոտ դաշտանային ցիկլ սկսվի՝ նոր հղիությունը միանգամայն հավանական կարող է համարվել: Ավելին՝ դեռեւս առաջին դաշտանային ցիկլից երկու շաբաթ առաջ՝ ծննդաբերությունից հետո առաջին ձվազատման ընթացքում կարող է բեղմնավորում տեղի ունենալ:

9. Կոնտրացեպցիայի «ժողովրդական» մեթոդներն արդյունավետ են

Կոնտրացեպցիայի «ժողովրդական» մեթոդները (օրինակ՝ հեշտոցի՝ լիմոնաջրով, քացախով, օճառով կամ նմանատիպ որեւէ այլ բանով լվացումը) չեն կարող ոչ անցանկալի հղիությունից, եւ ոչ էլ սեռավարակներից պաշտպանության միջոց ծառայել: Ընդհակառակը՝ դրանք հեշտոցի լորձաթաղանթը վնասելու եւ ինֆեկցիաների ներթափանցմանը նպաստելու հատկություն ունեն: 

10. Պահպանակները սեռավարակներից 100 տոկոսանոց պաշտպանություն են ապահովում

Կոնտրացեպցիայի ոչ մի եղանակ չի կարող սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից լիարժեք պաշտպանություն ապահովել: Պահպանակը, կոնկրետ դեպքում, վարակման նկատմամբ խոցելի մակերեսն ամբողջությամբ չի ծածկում, այնպես որ նույնիսկ դրա ռկայության դեպքում կարելի է հեշտությամբ մաշկային հիվանդություններ, իսկ բախտը չբերելու դեպքում՝ նույնիսկ սեռական ինֆեկցիաներ ձեռք բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է