• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր դեղամիջոցը «աննախադեպ» երկար կյանք է ապահովում

30 սեպտեմբերի, 2014  10:22

Roche դեղագործական ընկերության ջանքերով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր դեղամիջոցը հիվանդության ագրեսիվ դրսեւորումներով ախտորոշված մարդկանց կյանքի տեւողությունը երկարաձգելու «աննախադեպ» ներուժ է դրսեւորել՝ կլինիկական փորձարկումների ընթացքում եւ, փորձագետների պնդմամբ, պետք է անմիջապես լայն կիրառության մեջ մտնի, հաղորդում է Medical Daily-ն:

Փորձարկումների փուլում կրծքագեղձի քաղցկեղի HER2-դրական տեսակով (որին ախտորոշման բոլոր դեպքերի քառորդ մասն է բաժին հասնում) տառապող մասնակիցները, ավանդաբար (1998թ.-ից ի վեր) կիրառվող Հերցեպտինից եւ քիմիաթերապիայից բացի, նաեւ նորահայտ դեղամիջոցի՝ Պերխետայի օգնությամբ բուժում ստանալով, ի համեմատություն միայն Հերցեպտինից եւ քիմիաթերապիայից օգտվողների, միջինը 15,7 ամսով երկար կյանք են ապրել, ինչը մինչ այժմ գրանցված լավագույն արդյունքն է՝ կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով (երբ հիվանդությունը ողջ օրգանիզմով է տարածվել) ախտորոշված հիվանդների կյանքի տեւողության երկարաձգման տեսանկյունից եւ ավելին՝ մետաստատիկ քաղցկեղի ցանկացած այլ տեսակի պարագայում էլ հրաշալի ձեռքբերում է համարվում:

Հարկ է նշել, որ Պերխետան, Հերցեպտինի նմանությամբ, քաղցկեղի առաջացման համար պատասխանատու գեներից մեկի կողմից արտադրվող HER2 սպիտակուցի գործառույթն արգելափակող հակամարմիններ է պարունակում: Երկու դեղամիջոցների համադրությունն արդյունավետ է այնքանով, որ Պերխետան (որ նաեւ պերտուզումաբ անվամբ է հայտնի), հիշյալ սպիտակուցին բոլորովին այլ հատվածից կպչելու ներուժ է դրսեւորում:

«Արդյունքները ֆենոմենալ են», - Բժշկական ուռուցքաբանության եվրոպական խորհրդի՝ Մադրիդում մեկնարկած տարեկան կոնգրեսի մասնակիցներին կարծիք է հայտնել հետազոտության հեղինակ, Վաշինգտոնի հիվանդանոցային կենտրոնի ներկայացուցիչ Սանդրա Սվեյնը: 

«Կյանքի տեւողության՝ գրեթե 16 ամսով բարելավումն աննախադեպ է կրծքագեղձի քաղցկեղի համար», - նշել է նա՝ հավելելով, որ դեռեւս երկու տարի առաջ փորձագետների հավանությունը ստացած դեղամիջոցը ավելի քան 800 կանանց շրջանում է փորձարկվել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պերխետան կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով հիվանդների մոտ ախտաբանության զարգացումը նշանակալիորեն երկար ժամանակով դադարեցնելու ներուժ կարող է դրսեւորել, սակայն թե ինչպես է այն հիվանդի կյանքի տեւողության վրա անդրադառնում՝ բոլորովին վերջերս է հաշվարկվել:

Պերխետայի պարագայում ընդհանուր միջին արդյունքը 56,5 ամիս է կազմել՝ ի տարբերություն 40,8 ամիսների, որոնք ավանդական թերապիայի կիրառման արդյունքում են ապահովվում:

Հետազոտության արդյունքների՝ մեկ այլ տեսանկյունից վերլուծության արդյունքում ստացվում է, որ Պերխետայի օգնությամբ բուժում ստանալու պարագայում, ի համեմատություն միայն Հերցեպտինի եւ քիմիաթերապիայի նշանակման դեպքերի, մահանալու ռիսկի՝ 32 տոկոսի չափով կրճատում է արձանագրվում:

Թեեւ երկու դեղամիջոցները՝ Պերխետան եւ Հերցեպտինը, որոշակի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ ցան, փորլուծություն եւ սրտանոթային բարդություններ կարող են հրահրել, համադրության արդյունքում դրանց վատթարացում չի նկատվում:

«Կարծում եմ՝ արդյունքներն ազդեցիկ են: Երբ որեւէ դեղամիջոց, նվազագույն սրտանոթային բարդությունների գնով, կյանքի տեւողության այսչափ մեծ փոփոխություն է առաջ բերում, նշանակում է՝ հաստատաբար կիրառման կարիք ունի», - նշել է Էրիկ Վան Կուցեմը՝ Լոյվենի համալսարանից, ով հետազոտության անմիջական մասնակից չի հանդիսանում:

Բարսելոնի Vall D’Hebron օնկոլոգիական ինստիտուտը ներկայացնող գիտնականներից մեկը՝ Խավիր Կորտեսը եւս համոզված է, որ, կլինիկական փորձարկումների արդյունքները մեկ բանի մասին են վկայում՝ Պերխետան պետք է կրծքագեղձի քաղցկեղի HER2-դրական տեսակով ախտորոշված հիվանդների բուժման ստանդարտ միջոցը դառնա: 

Փորձագետների գնահատմամբ, նորահայտ դեղամիջոցի վաճառքների տարեկան ծավալը 2018թ.-ի դրությամբ կարող է 3,1 մլրդ դոլարի հասնել: Այդուհանդերձ, այն, Հերցեպտինի հետ միասին, կշարունակի առողջապահական ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը մնալ, քանի որ բավականին բարձր արժեքով է աչքի ընկնում: Միացյալ Նահանգներում Պերխետայի ներարկում ստանալու համար ամսական հարկավոր է շուրջ 5900 ԱՄՆ դոլար վճարել, իսկ Հերցեպտինի պարագայում՝ 5300:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել