• Latest news

Որո՞նք են հոգեկան խանգարումների հիմնական պատճառները

1 հոկտեմբերի, 2014  22:27

Ո՞ր գործոններն են մարդկանց մոտ հոգեկան խնդիրների եւ հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը նպաստում: Թեմայի շուրջ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն են խոսել:

Գենետիկա

Մարդու գեները մեծ դեր են խաղում՝ տարատեսակ հիվանդությունների առաջացման հարցում, սակայն, ինչպես Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն է նշել, դրանք «չեն պարտադրում», այլ ընդամենը նախատրամադրվածություն են առաջացնում:

Օրինակ, եթե երեխայի երկու ծնողները շիզոֆրենիայով են տառապում, նա դեռեւս 30 տոկոս հնարավորություն ունի՝ հիվանդությունը չկրելու հմար: Իսկ եթե մեկ ծնողը շիզոֆրենիա ունի, երեխայի մոտ այդ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունը մինչեւ 40 տոկոսի է հասնում: Այսինքն, երեխան ժառանգաբար դեպի հիվանդությունը նախատրամադրվածություն է ձեռք բերում, բայց կհիվանդանա, թե՝ ոչ, միայն նրա կենսակերպից է կախված:

Քիչ չեն նաեւ այնպիսի դեպքերը, երբ շիզոֆրենիայով տառապող մարդու ընտանեկան անամնեզում՝ որեւէ բարեկամի մոտ տվյալ հիվանդության առկայություն չի գրանցվել:

Սոցիալական պայմաններ

Մարդու սոցիալական վիճակը անմիջականորեն կապված է նրա հոգեկան վիճակի հետ, իսկ սոցիալական լուրջ խնդիրները կարող են հոգեկան հիվանդությունների զարգացմանը նպաստել: Այս եզրահանգմանը, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի փոխանցմամբ, երկու տարի առաջ նորվեգացի գիտնականներն են եկել:

Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե սոցիալապես ապահովված մարդիկ չեն կարող հոգեկան խնդիրներ ձեռք բերել: Եւ հակառակը՝ անպայման չէ, որ ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ հոգեկան հիվանդություններ ձեռք բերեն: Հոգեկան խնդիրներից, ինչպես մասնագետներն են նշել, ոչ ոք ապահովագրված չէ՝ անկախ սեռից, տարիքից եւ սոցիալական վիճակից:

Արտաքին եւ ներքին ազդակներ

Սամվել Թորոսյանի հավաստիացմամբ, բոլոր արտաքին ազդակները կարող են հոգեկան խանգարումներ առաջացնել կամ եղած խանգարումները սրել:

Ինֆեկցիաները, օրգանիզմի ինտոքսիկացիան, ալկոհոլի չարաշարումը եւ թմրանյութերի օգտագործումը նույնպես կարող են հոգեկան խանգարումների առաջացման պատճառ դառնալ:

Հոգեկան խնդիրներից խուսափելու համար հոգեբույժները խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել, քանի որ դա հնարավորինս հեռու կպահի ոչ միայն հոգեկան հիվանդություններից, այլեւ բոլոր այլ առողջական խնդիրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել