• Latest news

«Մրգակերություն». որքանո՞վ էր Սթիվ Ջոբսը իրավացի

12 հոկտեմբերի, 2014  18:58

Apple ընկերության հիմնադիր եւ նախկին գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը տարօրինակ սովորույթներ ուներ, որոնցից մեկն այսպես կոչված «մրգակերությունն» էր: Հանճարեղ մտքի տեր տնօրենը գտնում էր, որ երկար ժամանակ անընդհատ միրգ ուտելով կարելի է ստեղծագործական մտքի բարելավմանը նպաստել: 

Թեեւ, շատերի պնդմամբ, նմանատիպ սննդակարգը հակասում է մարդու օրգանիզմի պահանջներին եւ կարող է մի շարք կենսական կարեւորություն ունեցող սնուցիչների եւ սպիտակուցների դեֆիցիտի հանգեցնել, վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ Ջոբսի՝ մրգերի նկատմամբ վերաբերմունքի մեջ ճշմարտության հատիկ կարող էր լինել: Պատահական չէ, որ մրգատեսակների, մասնավորապես՝ խնձորի նկատմամբ նրա հիացմունքն է ընկերության՝ Apple անվանման պատճառը դարձել, հիշեցում է Medical Daily-ն:

Լեյդենի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունն այն եզրահանգման է հանգեցրել, որ տիրոզինի՝ սպիտակուցների սինթեզմանը նպաստող ամինաթթվի բարձր պարունակությամբ աչքի ընկնող սննդատեսակները ստեղծագործական միտքը բարելավելու եւ մտքին սրություն հաղորդելու հատկություն ունեն: «Տիրոզինով հարուստ սննդատեսակներն ու սննդային հավելումները մտքին խորություն հաղորդող ամենաառողջարար եւ էժան միջոցն են հանդիսանում: Օրինակ՝ քննության պատրաստվող ուսանողների համար այն մեծապես օգտակար կարող է լինել: Սթիվ Ջոբսը հաճախ էր նշում, որ իր հաջողության հիմքում մրգային սննդակարգն է: Հաշվի առնելով, որ մրգերի բաղադրության մեջ մեծ ծավալով տիրոզին կարելի է գտնել, դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է դառնում», - նշել է գիտահետազոտական խմբի անդամ, կոգնիտիվ հոգեբան Լորենցա Կոլզատոն:

Փորձարկումների առաջին փուլի շրջանակում գիտնականները նարնջի՝ տիրոզինով հարստացված հյութ են մատուցել 32 մասնակիցների եւ ստեղծագործական մտքի կիրառություն ու միեւնույն խնդրի տարատեսակ լուծումներ պահանջող հանձնարարություն տվել նրանց: Երկրորդ փուլին ընդառաջ կամավորներին նարնջի հյութի պլացեբո է մատուցվել եւ մեկ այլ խնդիր լուծելու հանձնարարություն տրվել: Հավաքագրված տվյալների վելուծության արդյունքում պարզվել է, որ տիրոզին օգտագործած մասնակիցներն առավել հաջող են քննությունը հանձնել:

Այդուհանդերձ, «մրգակերությունը» մի շարք բացասական կողմեր եւս ունի: Ջոբսի՝ ժամանակ առ ժամանակ միայն խնձոր եւ գազար ուտելու մոլուցքն ի վերջո, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ բացասական ազդեցություն էր թողել նրա առողջության վրա: Ասել է, թե՝ մրգերով հարուստ հավասարակշռված սննդակարգն իրոք առողջարար կարող է լինել, բայց միայն միրգ ուտելով հակառակ պատկերը կստանաք:

«Խնձորն ու գազարը միանգամայն օգտակար հատկություններ ունեն եւ ածխաջրատների մեծ պաշար են պարունակում, բայցեւայնպես, չեն կարող սպիտակուցների անհրաժեշտ ծավալ տրամարդել: Իսկ վերջիններս, ի տարբերություն ճարպերի եւ ածխաջրատների, չեն կարող օրգանիզմում պահպանվել: Այնպես որ հարկավոր է ամեն օր սպիտակուցներով հարուստ սննամթերք եւս ընդունել, քանի որ դրանց մեջ առկա հիմնական ամինաթթուները վճռորոշ նշանակություն ունեն՝ հյուսվածքների աճի եւ պահպանման համար», - մեկնաբանել է դիետոլոգ, «Nutrition at Your Fingertips» աշխատության հեղինակ Էլիզա Զիեդը: 

Դերասան Էշտոն Քուչերը, ով Apple-ի հիմնադրի մասին պատմող jOBS ֆիլմի գլխավոր դերակատարն է, դերի մեջ մտնելու համար փորձել է մեկ ամսով «մրգակեր» դառնալ եւ կարճ ժամանակ անց՝ հիվանդանոցում հայտնվել:

«Ֆիլնի նկարահանումների մեկնարկից երկու օր առաջ հիվանդանոց էի ընկել: Սարսափելի ցավեր ունեի, ենթաստամոքսային գեղձս էլ նորմալ չէր աշխատում, ինչն ահարկու էր հնչում՝ հանգամանքները հաշվի առնելով», - պատմել է դերասանը՝ ակնարկելով, որ Ջոբսը հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից է մահացել:

Այնպես որ ամեն ինչից պետք է չափի մեջ օգտվել, նույնիսկ երբ խոսքը ամենաառողջարար սննդատեսակների մասին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել