• Latest news

Հայ բժիշկները ռազմի դաշտում. պատմում է պատերազմի մասնակիցը

28 հունվարի, 2015  15:47

Կռվի դաշտում կարեւոր է ոչ միայն յուրաքանչյուր զինվորը, այլեւ զինվորներին օգնող եւ նրանց վերքերը մշակող յուրաքանչյուր բժիշկը: Բանակի օրվա կապակցությամբ «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է Ղարաբաղյան պատերազմի իր հիշողություններով:

1992 թ. համալսարանը նոր ավարտած բժիշկը համալրել է ՀՅԴ Դաշնակցության ջոկատի շարքերը: Հրամանատարը, իմանալով, որ ջոկատում բժիշկներ կան, նրանց բժշկական գործիքներ է տվել, որպեսզի վերջիններս կարողանան վիրավորներին օգնություն ցուցաբերել: Տարոն Տոնոյանը եւ նրա ընկերը՝ Վահե Բաղդասարյանը, սկզբում նեղսրտել են հրամանատարի՝ թիկունքում մնալու եւ վիրավորներին օգնելու առաջարկությունից եւ ասել, որ եկել են կռվելու, ոչ թե՝ բուժելու:

Իրենց մասնագիտության կարեւորությունը նրանք մի քիչ ավելի ուշ են գիտակցել:

«Ես հանկարծ գիտակցեցի մեր կորուստների մասշտաբները եւ հասկացա, որ շատ տղաներ կրկին կարող էին շարք վերադառնալ, եթե բժշկական օգնություն ստանային, - ասաց նա։ - Այդժամ ես հասկացա, որ եկել է զենքը նշտարով փոխարինելու ժամանակը»:

«Կռվելու եւ ոչ թե բուժելու» եկած շատ բժիշկներ նույնպես հասկացել են, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ էին իրենց մասնագիտական գիտելիքները, եւ իրոք հրաժարվել են զենքից՝ հօգուտ բժշկական գործիքների: Նրանցից շատերը համալսարանը նոր ավարտած եւ գրեթե փորձ չունեցող երիտասարդ տղաներ էին, բայց նույնիսկ նրանք էին փորձում շատ ավելին անել, քան գիտեին եւ կարող էին: Բացառված չէ, որ նրանք սխալներ էլ են թույլ տվել, բայց, Տարոն Տոնոյանի խոսքով, բոլոր բժիշկները, անկախ տարիքից եւ փորձից, իրենց ուժերի ներածի չափով արել են ամեն հնարավորը՝ օգնելու վիրավորներին:

Ռազմի դաշտում բժիշկների պակաս էր զգացվում: Այսօրվա կենտրոնական ռազմական հոսպիտալը նույնպես բժիշկներ էր ուղարկել Ղարաբաղ, սակայն բժշկական օգնության կարիք ունեցողները չափազանց շատ էին: Այդ ժամանակ պատերազմ սկսեցին գալ քաղաքացիական հիվանդանոցների բժիշկները: Շատերը կամավոր էին եկել, նախատեսելով մեկ ամսվա ընթացքում օգնել տղաներին, բայց մնացել էին մինչեւ պատերազմի ավարտը: Նրանց թվում էին վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը, անեսթեզիոլոգ Սուրեն Ինանցը եւ շատ այլ բժիշկներ, որոնց հետ Տարոն Տոնոյանն աշխատել է Ֆիզուլիի ռազմադաշտային հոսպիտալում:

Դաշտային պայմաններում աշխատելը հեշտ չէր: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Տարոն Տոնոյանը հիշեց, որ բժիշկները հաճախ ստիպված էին դուրս գալ վիրահատարանից, վիրավորների համար արյուն հանձնել եւ հետո վերադառնալ եւ շարունակել վիրահատությունը:

Շատ լավ բժիշկներ են մահացել Ղարաբաղի պատերազմում՝ կատարելով իրենց պարտքը եւ օգնելով ուրիշներին: Նրանց շարքում էր եւ Վահե Բաղդասարյանը, ով պատերազմ էր գնացել որպես հասարակ զինվոր եւ փորձել համատեղել զինվորի եւ բժշկի երկու առաքելությունները. նա մահացել է Տոնաշենում 1993 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել