• Latest news

Ինչպես է պատերազմի ժամանակ Յակ-40-ը խուսափել կործանիչից. պատմում է բժիշկը

28 հունվարի, 2015  21:38

Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաեւ հայոց բանակի կազմավորման գործում, որի տոնն այսօր, հունվարի 28–ին է նշվում, մեծ դեր են խաղացել ոչ միայն զինվորներն ու նրանց հրամանատարները, այլեւ բժիշկներն ու բուժակները: Նրանցից մեկն էլ Արայիկ Ղարիբյանն է եղել՝ այդ ժամանակ բժշկական համալսարանի ուսանող, իսկ հիմա՝ «Արթմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար:

NEWS.am Medicine-ի թղթակցին նա պատմել է, որ պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցություն չի ունեցել, բայց ամեն կերպ օգնել է Նիկոլ Դումանի ջոկատին, որտեղ բժշկական համալսարանից շատ ուսանողներ կային, որոնց թվում էին՝ Ղուկաս Ուլիխանյանը, Մուրադ Մուրադյանը, Միքայել Բայադյանը եւ շատ ուրիշներ: Արայիկ Ղարիբյանը ժպիտով հիշել է, որ Ղուկաս Ուլիխանյանն իրեն՝ թույլ տեսողությամբ ուսանող բժշկին, թույլ չէր տալիս սահման դուրս գալ, եւ ամբողջ ժամանակ ընդգծում էր, որ նրա տեղը թիկունքում է, եւ որ նա պետք է անի այն, ինչը նրա մոտ ավելի լավ է ստացվում՝ օգնի վիրավորներին:

Արայիկ Ղարիբյանը մի պատմություն է հիշել, որ պատահել էր իր ու իր ընկերների հետ պատերազմի ժամանակ: Շուշիի ազատագրման ժամանակ, ինքն ու իր ընկեր Սմբատը  Յակ-40-ով Շուշիից վերադառնում էին Երեւան: Նրանց հետ էին նաեւ երկու վիրավոր՝ մի ղարաբաղցի ու ուկրաինացի Կաչմար Միկոլան (թաղված է Եռաբլուրում): Հենց այդ ժամանակ նրանց սկսել է հետապնդել ադրբեջանական կործանիչը: Միկոլան ծանր վիրավոր էր, նրա ճնշումն անընդհատ ընկնում էր, եւ բժիշկները մեծ դժվարությամբ էին նրան օգնություն ցուցաբերում:

Նրանք հրաշքով են փրկվել հետապնդումից. վիրավորի ղարաբաղցուն եղբայրը ադրբեջաներեն է իմացել եւ կարողացել է հետապնդողներին համոզել, որ իրենք էլ ադրբեջանցի են: Այդպիսով, Յակ-40-ին հաջողվել է խուսափել  կործանիչից:

 «Դա նման է սովետական «զապորոժեցով» արագընթաց «մերսեդեսից» փախչելուն»,- ժպիտով հիշել է Արայիկ Ղարիբյանը: Տեր Սմբատը՝ այս պատմության երկրորդ բժիշկը, պատերազմից հետո դարձել է Առինջի եկեղեցու հոգեւոր հովիվը: Ամեն հանդիպման ժամանակ բժիշկ Ղարիբյանը նրան ասում է, որ այն օրը հենց նրա շնորհիվ է փրկվել:

«Աստված գիտեր, որ դու իրեն ես ծառայելու, եւ այդ պատճառով պահպանել է քեզ, իսկ իմ բախտը բերել է, որ քո կողքին էի ու փրկվեցի»:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել